ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը այսօր «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողով էր կազմակերպել: Համաժողովի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ի՞նչ շահ ունի ԱՄՆ-ն Հայաստանում իրականցվող բարեփոխումներից: «Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում։ Հարցնում են, թե ԱՄՆ-ն կամ Արևմտյան գործընկերները ինչու են փորձում բարեփոխումներ անել, ի՞նչ եք դուք ստանում դրանից։ Եթե անկեղծ ասեմ՝ ոչ մի բան։ Մենք այս բարեփոխումները նրա համար չենք առաջ մղում, որ ԱՄՆ-ն կամ Վաշինգտոնը օգուտ ստանան, այլ բարելավում ենք գործարար միջավայրը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը։
Ըստ Հեֆերնի` իրենց ջանքերը, երբեմն քննադատությունը միայն մեկ նպատակ ունեն՝ խրախուսել Հայաստանի տնտեսական աճը, աշխատատեղեր ստեղծել հայ ժողովրդի համար։ Անդրադառնալով Հայաստանի որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը, նա ասաց, որ այդ թեման Ազատ առևտրի համաժողովի օրակարգից դուրս է։ «Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակեպության անդամ է շարունակում մնալ և պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, կատարելով բարեփոխում՝ ի շահ բոլորի բիզնեսների ու բարեփոխումների»,-ասաց նա։
Ըստ դեսպանի`Գիլյոտային ծրագիրը, այն է` օրենսդրական այնպիսի կետերի հանումը , որոնք լրացուցիչ բեռ են բիզնեսի համար և ժամանակավրեպ են, լավ մեխանիզմ է: «Բայց ինչպես կարող ենք բարելավել համակարգը, եթե թույլ չտանք, որ ազատ տեղաշարժ ապահովի մարդկանց նաև օդային տարածքում։ Սա է հիմնական խնդիրը Հայաստանում»,- նշեց նա` հավելելով, որ շարունակելու են աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության և քաղաքացիական հասարակության հետ` այս խնդիրները լուծելու համար։