Համաշխարհային բանկի՝ օրերս հրապարակած զեկույցներից մեկում տվյալներ կան այն մասին, թե միջին հաշվով ի՞նչ ծախսերով կարող են տարբեր երկրների քաղաքացիներն ու գործարարները բիզնես-վիզա ձեռք բերել՝ ԱՄՆ մուտք գործելու համար: Ամենադժվարը Տաջիկստանի քաղաքացիների համար է՝ նրանք միջին հաշվով $580 են վճարելու ԱՄՆ մուտքի բիզնես-վիզա ստանալու համար: Երկրորդը Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունն է՝ $410, երրորդը՝ Մյանման ($322): Աղքատ ու կիսաավտորիտար այս երկրների տասնյակում են նաև Բելառուսը ($260, 6-րդ տեղ), Ղազախստանը ($220, 7-րդ տեղ), Հայաստանը ($210, 8-րդ տեղ) և Ղրղզստանը ($205, 9-րդ տեղ):
Տվյալներ կան նաև այն մասին, թե այս երկրներն իրենք որքան գումար են գանձում ԱՄՆ քաղաքացիներից՝ իրենց երկիր մտնելու բիզնես-վիզայի համար: Ամենաշատը գանձում են Ղազախստանը ($200) և Բելառուսը ($190): ԱՄՆ քաղաքացիները Հայաստան մտնելու համար մուտքի արտոնագիր կարող են ստանալ $54-ով: