ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը եւ Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», նամակում կոնգրեսականներն անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդման վերաբերյալ, ըստ որի, 102 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու չի օգտագործվի որեւէ կերպ Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ:
Հայամետ գործիչները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին է՛լ ավելի մեծացնել ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:
Միաժամանակ, կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: