ԱՄՆ-ի Կոնգրեսում դեկտեմբերի 3-ի երեկոյան անցկացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ համատեղ:
Միջոցառման ընթացքում ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի Կոնգրեսում միջոցառումը կազմակերպելու համար, իր ելույթում խոսել է վերջին 22 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի կողմից գրանցած առաջընթացի մասին:
ԼՂՀ-ի Ազգային ժողովի խոսնակն իր խոսքում հորդորել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ մեկնարկել կառուցողական երկխոսություն, միաժամանակ նշելով բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի վերադարձի կարևորության մասին:
Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառմանը, որի ամենամյա անցկացումն ավանդական է դարձել 2006 թվականից, իրենց խոսքով դիմել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոունը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, միջոցառման այլ մասնակիցներ:
Միջոցառմանն իրենց ուղերձով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԼՀՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: