Ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են բոստոնյան ահաբեկչի՝ Թամերլան Ցարնաևի մասին ամբողջ տեղեկությունները չհայտնելու մեջ։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Պարբերականը գրում է, որ ռուսական կողմը Ցարնաևի մտադրությունների մասին ամերիկացիներին հայտնել էր դեպքերից դեռևս երկու տարի առաջ, սակայն ԱՄՆ հատուկ ծառայություններին փոխանցվել է միայն երիտասարդի ծայրահեղական տրամադրությունների մասին տեղեկություն։ Լրացուցիչ տեղեկություններ ռուսները տրամադրել են միայն 2013 թվականի ապրիլին։
Նման եզրակացություններ արել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները՝ անցկացնելով համապատասխան հետաքննություն։ Պայթյուններից հետո հայտնի է դարձել նաև, որ Թամերլանը ցանկացել է փոխել անունը։ Ռուսական կողմի տվյալներով՝ բոստոնյան պայթյունից մի քանի ամիս առաջ ներկայացված դիմումում Թամերլանը ցանկացել է վերցնել 2009 թվականին ոչնչացված դաղստանցի ահաբեկիչ պարագլուխի անունը։