ԱՄՆ նախագահը լինելը այնքան էլ անվտանգ գործ չէ: ԱՄՆ-ն երկիր է, որը շահեր ունի աշխարհի համարյա բոլոր հատվածներում: Եվ այս տեսանկյունից ԱՄՆ նախագահները բավական խոցելի են, քանի որ բացի նրանից, որ ունեն ներքին մրցակիցներ և հակառակորդներ, նրանք ունեն նաև մեծ թվով արտաքին թշնամիներ և հակառակորդներ: ԱՄՆ պատմության մեջ երկրի առաջնորդի ամենաաղմկահարույց սպանությունը Ջոն Քենեդու սպանությունն էր:
1963 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքում սպանվեց երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Ըստ պաշտոնական վարկածի` նախագահին դիպուկ հրազենից երկու կրակոցով սպանել էր գրապահոցի աշխատակից Լի Հարվի Օսվալդը, որին էլ 2 օր անց` մինչ նրա որևէ ցուցմունք տալը, բանտախցի մոտ սպանեց գիշերային ակումբների մագնատ Ջեկ Ռուբին` դրանով հնարավորություն չտալով բացահայտել սպանության պատվիրատուներին:
Սակայն Քենեդին ԱՄՆ միակ նախագահը չէր, որին նման դաժան ճակատագիր էր նախանշված: Վիճակագրության համաձայն` ԱՄՆ պատմության ընթացքում երկրի 11 նախագահների վրա մահափորձ է կատարվել կամ գոնե ծրագրվել է դրա իրագործումը. դրանցից 4-ը «բարեհաջող» ավարտ են ունեցել: Այսպես, Քենեդուց առաջ սպանվել են ևս 3-ը:
Առաջինը Աբրահամ Լինքոլի սպանությունն էր: 1865-ի ապրիլի 14-ին, «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) «հարավցիների» կողմնակից դերասան Ջոն Ուիլքս Բուտը թափանցեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին։ Հաջորդ առավոտյան, գիտակցության չգալով, Աբրահամ Լինքոլնը վախճանվեց։
Երկրորդը Ջեյմս Գարֆիլդն էր, որը հասցրեց նախագահ լինել ընդամենը կես տարի: Նրան սպանեցին 1881 թ. սեպտեմբերի 19-ին:
Երրորդը Ուիլյամ Մաք-Քինլին էր. մարդասպանի փամփուշտը նրա կյանքի թելը կտրեց 1901 թ. սեպտեմբերի 14-ին: