Այս ամսվա սկզբին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Հայաստանի համար հաստատված մոտ 128 մլն դոլար արժողության 38 ամսյա ֆինանսավորման ծրագիրը կարող է եզրափակել Հայաստանում ԱՄՀ առաքելությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Գումարը հատկացնելիս հաշվի են առնվել հաջորդ երեք տարիների բյուջեների հիմքում ընկած ցուցանիշները, որպեսզի Հայաստանի կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների համար ֆինանսավորման պակասը լրացվի:
«Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք նաև վերջին զարգացումներն ու իրադարձությունները՝ մասնավորապես Եվրասիական և Մաքսային միություններին Հայաստանի անդամակցության գործընթացը»,- ասաց Մ. Հորթոնը:
Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին ավելի շատ օգուտ կտա, քան թե վնաս: Հարցին, թե արդյոք ավելի նախընտրելի չէր ԵՄ հետ ասոցացման (ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի) համաձայնագիրը, հատկապես որ դա ևս ողջունվում էր ժամանակին ԱՄՀ կողմից, Հորթոնը պատասխանեց, թե երկու դեպքում էլ Հայաստանի համար կային ինչպես օգուտներ, այնպես էլ դժվարություններ: