Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
«2017 թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար»,- գրված էր հաղորդագրության մեջ:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, որը արդեն 2 տարի է՝ պայքարում է ֆիլմի նկարահանումները վերսկսելու համար:
Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր կանոնակարգ հաստատեց ու չեղարկեց ֆիլմի նկարահանման համար 88 միլիոն դրամ տրամադրելու` ավելի վաղ ընդունած պարտավորությունը։ Ռեժիսորը որոշեց բողոքել եւ դատական գործընթաց սկսել ազգային կինոկենտրոնի դեմ:
Araratnews.am-ն այսօր ռեժիսոր Հովհաննես Գալստյանին հարցրեց՝ արդյոք իր եւ Արմեն Ամիրյանի միջեւ առերեսում եղե՞լ է: «Ո՛չ, բայց անհամբեր սպասում եմ դրան: Կցանկանայի՝ լիներ հանրային առերեսում»,- ասաց ռեժիսորը:
Հովհաննես Գալստյանը որոշ մանրամասնեց ներկայացրեց. «Այս գործը բխել է մեկ այլ գործից: Ազգային կինոկենտրոնը մեր դեմ քրեական գործ է հարուցել կեղծ մատնության հոդվածով, տարիուկես ընթացել է այդ գործի քննությունը, որից հետո այն փակվեց: Այդ գործի շրջանակում կինոկենտրոնը նոր բողոք է ներկայացրել Կաննի կինոփառատոնի հետ կապված: Քննչական մարմիններն ուսումնասիրել են նաև այդ բողոքը, մի շարք վկաների հետ քննչական գործողություններ են իրականացրել, հանգել եզրակացության, որ այդ գործով տուժող եմ, իսկ Արմեն Ամիրյանը պետական լիազորությունները գերազանցելու համար ենթակա է ներկայանալու քննչական մարմիններին»:
Ռեժիսորին խնդրեցինք անդրադառնալ նաև Արմեն Ամիրյանին 6.800.000 դրամ գումար տալուն, որը հերքել էր նախկին նախարարը: «Արմեն Ամիրյանը իմ ֆիլմից գումար է խնդրել մեկ այլ պետական միջոցառման՝ Կաննում Հայաստանի պատվիրակության ծախսի համար վերադարձման պայմանով: Սակայն այդ գումարը չի վերադարձրել: Հաշվի առնելով, որ խնդրողը նախարարն էր, Կաննում ներկայանալը նաև իմ շահերից էր բխում, քանի որ ուզում եմ Հայաստանը Կաննում լավ ներկայանա, ես էլ եղել եմ պատվիրակության կազմում, 2017 թ. ապրիլին Ամիրյանի ներկայացուցիչ Արսեն Բաղդասարյանին եմ տվել այդ գումարը, որպեսզի նույն թվականի օգոստոսին, երբ սկսվի իմ ֆիլմի նկարահանումը, այն վերադարձվի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հովհաննես Գալստյանը ֆիլմը նկարահանել է վարկ վերցնելով, որից հետո 2018-ի սկզբին արդեն հրապարակային պահանջել է այդ գումարը: Ի պատասխան՝ ռեժիսորին Արմեն Ամիրյանը հրավիրել է նախարարություն ռեժիսորի՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գրած բաց նամակից հետո, նախարարությունում վկաների ներկայությամբ ասել է. «Հով ջան, նախարարի խոսք եմ տալիս, որ այդ գումարը երկու ամսում կվերադարձնեմ քո ֆիլմին»: Դրանից հետո Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից:
Հովհաննես Գալստյանին հարցրինք՝ արդյոք վստահ է, որ Արմեն Ամիրյանի պահանջած գումարն ամբողջությամբ ծախսվել է հայկական պատվիրակության ծախսերի համար: «Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ՝ այդ գումարը Ամիրյանի գրպանը չի էլ մտել: Այդ գումարի մի մասը գուցե մտել է Արսեն Բաղդասարյանի գրպանը, գուցե Ամիրյանի գրպանն էլ է մտել, բայց ես դա չեմ պնդում: Իմ աչքի առաջ Կաննում որոշակի գումար ծախսվել է, բայց հարցն այն է, որ այդ գումարը իմ ֆիլմից է վերցվել եւ պետք է վերադարձնեն իմ ֆիլմին:
Ռեժիսորը հստակեցնում է՝ Ամիրյանի դեմ իրենք քրեական գործ չեն հարուցել, բայց Ամիրյանը պատասխանատու է այդ գումարի վերադարձման համար: «Եթե նախկին նախարարն այդ գումարը չվերադարձնի, մենք հարուցելու ենք քրեական գործ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Նախկին նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձել էր իր դեմ հարուցված քրեական գործին, հերքել էր գումար վերցնելը եւ ասել՝ ինքն է միշտ եղել գումար հատկացնող: «Արմեն Ամիրյանը ստախոս է, որովհետեւ իր նախարարի սենյակում վկաների ներկայությամբ խոսք է տվել… Նրա հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ»,- այսպես պատասխանեց Հովհաննես Գալստյանը:
Մեր զրուցակցի ուշադրությանն է արժանացել Արմեն Ամիրյանի հայտարարության՝ «հենվում է բանսարկուների վրա» նախադասությունը: «Ուզում եմ մի մեկնաբանություն տա՝ եթե նկատի ունի ինձ, մի քրեական գործ էլ կհարուցվի Ամիրյանի դեմ զրպարտության համար»,- պատասխանեց ռեժիսորը:
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս գործի հետ կապ ունի նաև Նազենի Ղարիբյանը, որը մշակույթի նախարարի ժամանակավոր պարտականություններ էր կատարում մինչ նախարարության լուծարվելը:
Հովհաննես Գալստյանի խոսքով՝ ամենամեծ հարվածը «Տատիկիս վարսերին» հասցրել է Նազենի Ղարիբյանը: «Երբ նկարահանվել է ֆիլմի 44 րոպեանոց նյութը, Նազենի Ղարիբյանը ազգային կինոկենտրոնի կանոնակարգում կետ է փոխել եւ դադարեցրել ֆիլմի հետագա ֆինանսավորումը՝ առանց հասկանալու, որ կանոնակարգի կետի փոփոխությունը չի կարող ազդել նախկինում սկսած արտադրության վրա: Ֆիլմին հասցվել է ահռելի գույքային վնաս, այդ գործով պատրաստվում ենք հաղորդում տալ Նազենի Ղարիբյանի դեմ: Քննչական մարմինները կարծում են, որ երբ սկսեցի հրապարակային բարձրաձայնել այս հարցը, երկու պատկան կառույց՝ ազգային կինոկենտրոնը եւ նախարարությունը, վրեժ լուծեցին ինձանից, կարծելով, որ կարող են ճզմել մեկ ռեժիսորի: Բայց դա այդպես չէ: Այդ երկու պատկան կառույցներն էլ ծանր պատասխանատվություն են կրում այս ամենի համար: Իմ գործն արդար է»,- ավարտեց իր խոսքը ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
Փորձեցինք պարզաբանում լսել նաև նախկին նախարար Արմեն Ամիրյանից, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր: Պատրաստ ենք լսելու նաև նրա մեկնաբանությունը:
Սոնա Դավթյան