Տիկոնդերոգա տիպի «Vella Gulf» ամերիկյան հրթիռային հածանավը, որ զինված է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերով, մտել է Սև ծով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Մոսկվայի ժամանակով մոտ 18:30-ին հածանավն ավարտել է անցումը նեղուցային շրջանով ու մուտք է գործել Սև ծովի ջրային տարածք», — մանրամասնում է աղբյուրը:
Հածանավը Սև ծով ուղարկելու ԱՄՆ 6-րդ նավատորմի շտաբի պլանների մասին հաղորդվում էր դեռ երկուշաբթի՝ մայիսի 19-ին: Ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հաստատել էր շաբաթվա ընթացքում նավի՝ Սև ծով անցնելու մասին լուրերը:
Ավելի վաղ նշվում էր, որ նավի շարժը պայմանավորված է մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահի ընտրություններով ու կոչված է պաշտպանելու ուկրաինական նոր իշխանությունների գործողությունները: