Սոչիում ավելի քան հինգ թափառական շներ գտել են իրենց տերերին՝ հանձին ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի մարզիկների։ Չի բացառվում, որ շուտով «ամերիկյան անձնագրով» չորքոտանիների թիվը կտրուկ կաճի, քանի որ նրանցով սկսել են հետաքրքրվել նաև ամերիկացի հոկեյիստները։
Առաջին ամերիկացի մարզիկը, ով որոշել է Սոչիում շուն որդեգրել, եղել է Գուս Քենվորտին։ Սլոուփսթայլի արծաթե մեդալակիրը ապաստան է տվել շանն ու նրա 4 ձագերին։ Քենվորտին մտադիր է կենդանիներին տանել հայրենիք։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Այս պահին շները գտնվում են Օլիմպիադայի մեդիակենտրոնի մոտ գտնվող լեռներում, քանի որ չի թույլատրվում նրանց Օլիմպիական կառույցներ մտցնել։ Մարզիկը նշել է, որ այցելում է շներին ամեն օր, ինչը դույզն-ինչ խանգարել է մրցումներին պատրաստվելուն։
Քենվորտիի օրինակով մի քանի այլ մարզիկներ ևս սկսել են մտածել իրենց հետ ԱՄՆ չորքոտանիներ տանելու մասին։