Ամերիկացիների կեսից ավելին դեմ են հատուկ ծառայությունների կողմից դաշնակից երկրների ղեկավարներին լրտեսելուն։ Այս մասին վկայում են Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքները։
Ամերիկացիների 56%-ը կարծում է, որ դաշնակիցներին հետևելն «անթույլատրելի» է, 36%-ը թույլատրելի է համարում, ևս 9%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցվածների միայն 22%-ն է հետևում Էդվարդ Սնոուդենի շուրջ ծավալվող զարգացումներին։ Ամենամեծ «լսարանը» Սնոուդենն ուներ հուլիս ամսին՝ 35%։
Հիշեցնենք, որ ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալ Էդվարդ Սնոուդենը վերջին ամիսներին դարձել է բազմաթիվ դիվանագիտական սկանդալների հեղինակ՝ բացահայտելով և հրապարակելով այդ ծառայությունների մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն ամերիկյան իշխանությունները հետևել են ավելի քան 35 պետությունների ղեկավարների ու նրանց քաղաքացիներին՝ գաղտնալսելով նրանց և կարդալով էլեկտրոնային նամակները։