Այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցության խորհդարանական ֆրակցիան, որն իշխող էր Յանուկովիչի օրոք, հայտարարել է, որ ամբողջ պատասխանատվությունը նախկին նախագահինն է։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
«Այս օրերին մենք ապրում ենք մեր հայրենիքի պատմության ամենաբարդ և ողբերգական փուլերից մեկը։ Ուկրաինան խաբված է և թալանված, սակայն դա ոչինչ է այն վշտի առաջ, որին բախվել են ուկրաինացի տասնյակ ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց մերձավորներին հակամրատության երկու կողմերից։ Ուկրաինային դավաճանել են, իսկ մարդկանց տարել բախումների։ Ամբողջ պատասխանատվությունը Յանուկովիչինն ու նրա շրջապատինն է», — հայտարարել է ֆրակցիայի ղեկավարը։
Նա ասել է, որ Ռեգիոնների կուսակցության ֆրակցիան և կուսակիցները դատապարտում են այն հանցավոր հրահանգները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, դատարկ բյուջեի, մեծ պարտքերի, ամոթի Ուկրաինայի ժողովրդի և ամբողջ աշխարհի առաջ, որի արդյունքում իրենց երկիրը հայտնվել է անդունդի և տրոհման եզրին, ազգային ինքնիշխանության կորստի վտանգի առաջ։