ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ,
Որեւէ իրական լեգիտիմություն չունեցող, իշխանությունը բռնությամբ եւ զանգվածային ապօրինություններով զավթած ու աջուձախ Հայաստանի Հանրապետության նախագահ ներկայացող Սերժ Սարգսյանը, զանազան ճնշումների տակ եւ ինքնագլուխ որոշել է Հայաստանը մտցնել Մաքսային միություն, Ռուսաստանի հետ Եվրասիական միություն ստեղծել, այդպիսով զիջելով մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը: Սերժն ու իր ապաշնորհ վարչախումբը բանը հասցրել են այնտեղ, որ Լուկանշենկայի եւ Նազարբաեւի պես անաքրոնիզմները արդեն հրապարակավ դատողություններ են անում Հայաստանը այստեղ-այնտեղ մտցնել-չմտցնելու նպատակահարմարության մասին, Ռուսաստանի ջոջերն ավելի խորամանկ են. ասում են` դե որ Հայաստանը որոշել է, մենք էլ սատարում ենք այդ բուռն ցանկությունը …
Սփյուռքի մեր սիրելի հայրենակիցներ, հասկանալով, որ այս ծանր օրերին հիմնական պատասխանատվությունը մեզ` հայաստանցիներիս վրա է, պարտավոր եմ ձեզ էլ ասել. դուք ահռելի ազդեցություն կարող ենք ունենալ այս այլանդակ զարգացումները կանխելու եւ արգելելու վրա, Հայաստանը միայն մեր հայրենիքը չէ, Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը մեր դարավոր երազանքն ու փրկության հրվանդանն են եղել, ինչին հասել ենք չարչարանքներով եւ հերոսաբար, առանց ազատ եւ անկախ Հայաստանի մենք ուղղակի բնակիչներ ենք …
Կոչ եմ անում բոլորին, ուր էլ լինեք, ինչ առիթ էլ լինի, ամենուր Սերժ Սարգսյանի եւ իր վարչախմբի առաջ փակել դռները, մերժել դրանց բոլորին, այդ եւ այլ միջոցներով սրանց հասկացնել, որ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հետ խաղացողները Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալու իրավունք չունեն, Հայաստանի անունից անունից խոսելու եւ որոշումներ կայացնելու իրավունք չունեն, Հայաստանի փրկությունը այս իշխանությունների անհապաղ եւ անվերապահ հրաժարականն է, հրաժարեցումը իրենց զավթած դիրքերից ու պաշտոններից: Սրանք խորամանկ են, քոքված, լեզվանի, պոզաներ ընդունելու վարպետ, աջուձախ կփորձեն համոզել, թե Հայաստանի եւ Արցախի փրկության միակ եղանակը Հայաստանի ինքնիշխանության զիջումն է, սուտ է, այս ստերն հավատացողները բթամիտներ են կամ Հայաստանը ոչնչացնելու դիտավորություն ունեն: Մեր զորության ակունքը մեր ազատությունն է, ինքնիշխանությունը եւ հավատը սեփական ուժերի հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ, ովքեր հնարավորություն ունեն եւ կիսում են այս դիրքորոշումը, խնդրում եմ տարածել այս կոչը, թարգմանել մեր սփյուռքահայ հայրենակիցների լեզուներով եւ էլի տարածել: