Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին և վստահությամբ նշել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել արդյունավորմանը: Նա ընդգծել է այդ կապերի զորացման գործում Ռումինիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը: Հայոց Հայրապետը գնահատանքով արձանագրել է, որ հայ ժողովրդի զավակները, հաստատվելով Ռումինիայում դեռ վաղ միջնադարում, իրենց ծառայասեր աշխատանքով նշանակալի ներդրում են ունեցել երկրի կյանքում, որի վկայությունը Ռումինիան զարդարող հայ ժողովրդի մտքի և հոգու արգասիքներն ու կերտած արժեքներն են:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռումինիայի դեսպանն անդրադարձել են նաև Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, կարևորել են Եկեղեցիների դերակատարությունը ժողովուրդների կյանքում` որպես հասարակության բարոյական նկարագրի կերտող ու պետականության զորացման երաշխիք: