Այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին մասնակցեց նաև բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում, վերադարձել է Հայաստան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին:
«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս:
Գործատուից ստացա թույլտվություն և գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին:
Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը, կդառնա 1 տարեկան: Հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման շնորհիվ, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- խոսքի սկզբում ասաց բժիշկը:
Արսեն Մանուկյանն այնուհետ անդրադարձավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կողմից այս օրերին տարվող ծանր աշխատանքին: «Սա մի սարսափելի ծանր աշխատանք է և հոգեբանական, և ֆիզիկական, և սեփական առողջության տեսանկյունից: Ամբողջ բուժանձնակազմը գիշեր-ցերեկ կռիվ է տալիս մահվան դեմ: Ու դա անում են պատվով և մեծ պրոֆեսիոնալիզմով»,-ընդգծեց նա:
Բժիշկը մեկ անգամ ևս շեշտեց, որ կորոնավիրուսային հիվանդությունից ոչ մեկն ապահովագրված չէ: Ոսւտի պետք է և պարտադիր հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, բացառել ոչ անհրաժեշտ շփումները, պահպանել սոցիալական հեռավորությունը և ձեռքերի հիգիենան: Այս հիվանդության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն, ըստ Մանուկյանի կանխարգելումն է, ինչն ապացուցված է տարբեր երկրների փորձով: