Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 12-ի, Ամիրյան 24-ի բնակիչները որոշել են միասին պայքարել քաղաքում իրականացվող անօրինական շինարարությունների դեմ։ Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կոմիտաս 5ա-ի բնակչուհի Գոհար Սահակյանը: «Քանի որ բոլոր անօրինականությունները գալիս են մեկ կետից`քաղաքապետարանից, մենք որոշել ենք միասնական պայքարել»,- նշելէ Գոհար Սահակյանը: Մեր թղթակցի այն հարցին, թե որն է լինելու հաջորդ քայլը, տիկին Սահակյանը պատասխանել է, որ դեռևս որոշում չեն կայացրել, քանի որ իրենց փաստաբանն այս պահին Հայաստանում չէ, և իրենք սպասում են նրա վերդարձին, որից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները:
Նշենք, որ այս պահին Կոմիտաս 5-ում շինարարություն չի իրականացվում:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 ա շենքի բնակչուհի Գոհար Սահակյանն ավելի վաղ Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական դատարանը Կոմիտաս 5-ի հարցով բավարարել է Լիբեր ՍՊԸ պահանջը, ըստ որի՝ քաղաքացիները, որոնք բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ շինարարության, պետք է փոխհատուցեն շուրջ 40 հազար 600 դոլարի վնասը, կամ էլ պետք է վերացվի շինարարության վրա դրված արգելքը:
Էմմա Պալյան