տուն Հասարակություն Ամանորյա միջոցառումները կկրճատվե՞ն. քաղաքապետարանի պարզաբանումը

Ամանորյա միջոցառումները կկրճատվե՞ն. քաղաքապետարանի պարզաբանումը

301
0

Օրեր առաջ Araratnews.amգրել էր, որ այս տարի Հյուսիսային պողոտայում այլեւս չի լինի Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market): Այն տեղի կունենա Երեւանի 2750-ամյակի այգում, իսկ թե ինչ հիմնավորմամբ է միջոցառումն այնտեղ տեղափոխվել, քաղաքապետարանի բանավոր պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ, ուստի որոշեցինք մի քանի գրավոր հարց ուղարկել թեմայի վերաբերյալ:

Նախ՝ քաղաքետարանին խնդրել էինք ասել, թե ինչ չափորոշիչներով է Երեւանի քաղաքապետարանը որոշել միջոցառումն անցկացնել Երեւանի 2750-ամյակի այգում, եթե Հյուսիսային պողոտան եւս Հանրապետության հրապարակին մոտ է: Քաղաքապետարանի գրավոր պատասխանում չկա ոչ մի խոսք չափորոշիչների մասին, հետեւաբար կարելի է ենթադրել՝ որոշումը եղել է կամայական. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները այս տարի կազմակերպվելու են Հանրապետության հրապարակին անմիջական հարակից հատվածներում: Համաձայն տոնական միջոցառումների սցենարային հորինվածքի՝ շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ
(Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ: Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն: Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը»:

Արդյոք հաշվի առել է Երեւանի քաղաքապետարանը, որ «Christmas Market»-ն ավանդույթի ուժով ասոցացվում է Հյուսիսային պողոտայի հետ, որտեղ զբոսաշրջիկների հոսքը բավական մեծ է, որն էլ եկամտի աղբյուր է «Christmas Market»-ի մասնակիցների համար: Քաղաքապետարանի գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ «Christmas Market»-ի մասնակիցների համար եկամտի աղբյուր կարող է հանդիսանալ նաև
մասնակցությունը այս տոնավաճառին, սակայն Հանրապետության հրապարակում, ուր, ի դեպ, ևս մեծ է լինում զբոսաշրջիկների հոսքը:

Տեղեկություններ կային, որ քաղաքապետարանը որոշել է տոնակատարությունների ժամանակահատվածը կրճատել 15 օրով: Արդյոք սա հավաստի տեղեկություն է: Տոնակատարությունների ժամանակահատվածը 15 օրով կրճատելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետարանը հերքում է այդ տեղեկությունը. «Տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 20-ին և կեզրափակվեն հունվարի 13-ին՝ տևելով 24 օր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ  բիզնեսն արհեստական խոչընդոտների Հայաստանում չպետք է հանդիպի, սակայն արդյոք «Christmas Market»-ը այլ վայր տեղափոխելը վարչապետի դիրքորոշմանը չի հակադրվում: Ի պատասխան այս հարցման՝ քաղաքապետարանը բացասական է պատասխանում՝ հակադրություն չկա:

«Christmas Market»-ի քանի՞ մասնակից է համաձայնել տոնական օրերին աշխատել Երեւանի 2750-ամյակի պուրակում: Մասնակիցների ցանկը, ըստ պատասխանի, ցանկը կհստակեցվի աճուրդային գործընթացի անցկացումից հետո: Աճուրդը կկազմակերպվի շաբաթվա ընթացքում:

Խոսակցություններ կային, որ Երեւանի քաղաքապետարանը կարծես ազատվում է բոլոր այն միջոցառումներից, որոնք կապված են նախկին իշխանության՝ այս դեպքում Տարոն Մարգարյանի հետ: Արդյոք կա նման միտում: «Ոչ»,- տեղեկացնում է քաղաքապետարանը:

Սոնա Դավթյան