տուն Հասարակություն Առողջապահություն Աճել են կորոնավիրուսից մահվան թվերը

Աճել են կորոնավիրուսից մահվան թվերը

339
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսից մահացության մակարդակը համաշխարհային մասշտաբով կազմում է 3,4%: Ըստ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի, սեզոնային գրիպի հետեւանքով հիմնականում մահանում է վարակվածների 1 տոկոսից էլ քիչ մասը:

Փորձագետները կանխատեսում են, որ երկարաժամկետ հեռանկարում մահացության տոկոսը կնվազի, քանզի հավանական է, որ COVD-19-ով շատ թեթև դեպքեր դեռևս չեն ախտորոշվել:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ, չնայած կորոնավիրուսն այնքան վարակիչ չէ, որքան գրիպի վիրուսը, սակայն դրա դեմ դեռ պատվաստանյութ չկա, և ոչ էլ կա բուժման հատուկ մեթոդ: Այնուամենայնիվ, Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 20 տեսակ է մշակվում:

«Սա մինչ այժմ չտեսնված վիրուս է, այն ունի յուրահատկություններ, որոնց հետ մենք նախկինում գործ չենք ունեցել։ Մենք չգիտենք, թե ուր շարժվել հետագայում։ Մենք չենք հանդիպել երբեւէ շնչառական պաթոգենի հետ, որը կարող է այսպես արագ տարածվել եւ ունենալ այսքան երկար ինկուբացիոն շրջան։ Մենք հուսով ենք, որ զանգվածային հիվանդացության տարածումը, այնուամենայնիվ, դեռեւս կարելի է կանխել»,- ասել է Գեբրեյեսուսը։

«Ընդհանուր ամբողջ աշխարհում հաշվվում է 90 893 դեպք եւ 3110 մահ։ Վերջին 24 ժամերին Չինաստանը հայտնել է վարակման 129 նոր դեպքի մասին։ Սա ամենացածր ցուցանիշն է հունվարի 20-ից հետո»,- ԱՀԿ գլխավոր տնօրենին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։