տուն Քաղաքական Վերլուծական Աղքատ բարեկամից՝ արժանապատիվ գործընկեր. վարչապետի ամերիկյան այցն ավարտվեց

Աղքատ բարեկամից՝ արժանապատիվ գործընկեր. վարչապետի ամերիկյան այցն ավարտվեց

559
0

Մինչ ներհայաստանյան իրադարձությունները գլխավորապես ուղեկցվում են քաղաքական գործընթացներով, այդ թվում՝ աղմկոտ հրաժարականներ, դրանց հաջորդող հայտարարություններ, հնչեղ դատավարություններ, համայն հայության ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն էր ԱՄՆ, որը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին:

Ի դեպ, կառավարության ղեկավարի ընդդիմախոսների համար, ի շարս այլ հակադարձումների, քննադատության թիրախ էր հենց սեպտեմբերի 21-ին ԱՄՆ մեկնելու՝ Փաշինյանի որոշումը, թե բա, տեսեք-տեսեք, Հայաստանի ու հայության համար կարևորագույն այդ օրը՝ Անկախության տոնին վարչապետը մեկնում է օվկիանոսից այն կողմ… Այս պսևդոհայրենասիրական զեղումը թողնենք իր ժանրում և իր համակիրների օրակարգում, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի կարևոր ու հեռանկարային կանգառներին, հատկապես, որ «անկախություն» գոռալով լիարժեք անկախություն չես կերտի, իսկ աշխարհն էլ պարտավոր չէ Հայաստանի հետ համագործակցելու համար հաշվի առնել մեր տոնական կամ հիշատակի օրերը: Հիշենք՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին Հայաստանում ընթացող համաժողովրդական անհնազանդության ցույցերը ամենևին չստվերեցին օրվա խորհուրդը: Բայց սա առանձին թեմա է:

Եվ այսպես, որոնք էին ՀՀ վարչապետի ամերիկյան այցի նշանակալից դիպվածները. Նիկոլ Փաշինյանի այցի, թերևս, գլխավոր կանգառը նրա մասնակցությունն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ուշագրավ էր հատկապես վարչապետի ելույթը: Թեպետ նրա ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը Հայաստանում բուռն քննադատությունների առիթ տվեց, այդուհանդերձ, այն շատ կարեւոր մեսիջ էր պարունակում. հայտարարության բուն իմաստը Բաքվին դիմակազերծելն էր միջազգային հանրության աչքերում: Փաշինյանը մասնավորապես ընդգծեց, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է գոհացնի բոլոր կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, նշելով, որ, ի տարբերություն խաղաղության հաստատելու Հայաստանի եւ Արցախի Հանրապետության ջանքերին, ադրբեջանական կողմը շարունակում է միակողմանի և անզիջում պնդումներ կատարել: Սա դասագրքային դիվանագիտությունից անդին էր: Սա, առանց ավելորդ ծեքծեքումների, իսկական ու արժանապատիվ երկրի ու նրա առաջնորդի քայլ էր… Ուշագրավ էին ՀՀ վարչապետի ամերիկյան հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան: Վարչապետը բավականին ջերմ ընդունելության արժանացավ նաեւ Լոս Անջելեսում, մասնակցեց հանրահավաքի, հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով մեր հայրենակիցներին իրենց ներդրումներն անել հայրենիքում, վերադառնալ Հայաստան: Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում ստորագրվեցին համագործակցության մասին հուշագրեր:

Այս ամենը, իհարկե, սովոր չեն հավուր պատշաճի ընկալել հատկապես այն շրջանակները, որոնք վարժվել էին նախկին ղեկավարների նեղարարողակարգային մասնակցությամբ, աղքատ բարեկամի կարգավիճակով ու հալածվածի դիրքերից ելույթներին:

Մեծ հաշվով՝ վարչապետ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ կարելի է հաջողված համարել, զուգահեռաբար ակնկալելով, որ այդ ամենի արդյունքները շուտով տեսանելի կլինեն ինչպես դիվանագիտական, քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հարթություններում…

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here