ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Վերջին 10 տարում մեր քննչական մարմիններն ինչ փոփոխություն ասես, որ չեն արել, անգամ .ՊԵԿ-ի, ՊՆ-ի համար են ստեղծել քննչական վարչություններ:
Արդյո՞ք սրանք որակական օգուտ տվել են: Հասկանալու համար անհրաժեշտ է մի քանի փաստ մատնանշել :
Օրինակ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի, Մարտի 1-ի 10 զոհերի, Ավետիք Բուդաղյանի սպանությունները մինչև հիմա բացահայտված չեն, չնայած որ ամենաշարքային «ուչաստկովին» որ լսեր շրջանառվող տեսաերիզը, կարող էր հեշտությամբ բացահայտել :
Ակտիվիստների վրա հարձակումները ևս բացահայտված չեն, իսկ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նախաքննությունը բացառիկ ցինիզմով է անցնում: Փոփոխությունները վերաբերում են ձևին, և ոչ բովանդակություն: Իրականում սա օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու համար: Սերժ Սարգսյանը որոշեց հերթական անգամ չառաջադրել աղվանի թեկնածությունը ոչ թե հաշվի առնելով նրա կոռումպացված, քաղաքական հետապնդումներ իրականացնող լինելն, այլ ուրիշˋ կոնյուկտուրային պատճառներով: Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ անելով ցույց տվեց, որ առաջվա պես լիարժեք տիրապետում է բոլոր լծակներին: Հիշենք, որ նման կերպ վարվեց նաև ժամանակին Հովիկ Աբրահամյանի հետˋ հանելով աշխատանքից ամիսներ անց Աժ նախագահ նշանակելով: Քանի որ այս նախագիծը Աղվան Հովսեփյանն է ստեղծել, որոշել է ինքն իրեն սփոփիչ մրցանակներ շնորհելˋ գեներալ լեյտենանտի կոչում տալ, չբավարարվելով արդարադատության խորհրդականի կոչումով: Այս նախագծով սակայն Սերժ Սարգսյանը նվազեցրեց նաև ոստիկանապետի ու պաշտպանության նախարարի լծակներըˋ տալով Աղվան Հովսեփյանին:
Ըստ այս նախագծի Աղվան Հովսեփյանը հավատարմության երկու երդում պիտի տաˋ կառվարությունում և Բաղրամյան 26 ում, քանի որ իրեն Վարչապետն է ի վերջո նշանակելու:
Նախապես ասեմ, որ ես դեմ եմ քվեարկելու այս նախագծին: Եթե բոլորս դեմ քվեարկենք, Աղվան Հովսեփյանը կմնա գործազուրկ, ամիսներ անց կնկատի, թե ինչ չափերի կոռումպացված է դատախազության համակարգը: Երբ որ Աղվան Հովսեփյանն այդ ամենից հետո համալրի իշխանափոխության ձգտողների շարքերը, գուցե կլրացվի այն պակասող դետալը, առանց որի չի լինում այդքան բաղձալի իշխանափոխությունը»: