Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Նա ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը միևնույն տեսակետն ունեն տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նրա խոսքերով` Թուրքիան և Ադրբեջանը ունեն շատ համատեղ նախագծեր: Դավութօղլուն հատուկ շեշտել է, որ Հայաստանը պետք է հաղթահարի Թուրքիայի նկատմամբ անվստահությունը: Սակայն նրա խոսքերով` դա չպետք է տեղի ունենա ի հաշիվ Ադրբեջանի շահերի անտեսման: