տուն Լուրեր Ահա թե ովքեր են Հայաստանում սպասարկում Ադրբեջանի շահերը

Ահա թե ովքեր են Հայաստանում սպասարկում Ադրբեջանի շահերը

225
0

358

Այսօր առավոտյան Երևանում մոտավորապես մեկ տասնյակ երիտասարդներ «Ոչ պատերազմին» կարգախոսով ակցիա են անցկացրել՝ «Ալիև դուշման, Պուտին враг, Սերժիկ թշնամի», «Խաղաղապահը զենք չի վաճառում», «Ոչ Ալիև, ոչ Սերժիկ, ոչ Պուտին» կարգախոսներով: Ես, լինելով կայքի խմբագիր, սկզբունքորեն որոշեցի, որ այդ ակցիան չենք լուսաբանելու, ու մի ներքին համոզվածություն ունեի, որ շատերը նման կերպ կվարվեն, բայց ի զարմանս ինձ՝ լրատվական դաշտի «կարկառուն» ներկայացուցիչների գերակշիռ մասը լուսաբանեց այն ամենայն մանրամասնությամբ:  Լրագրող գործընկերներս, կարծում եմ, կարող էին, եթե ոչ չլուսաբանել, ապա գոնե ներկայացնել այնպես, որ թշնամին դրանից չառիթավորվեր:  Այս պահին, երբ  բոլորս գիտենք, թե  սահմանում ինչ իրավիճակ է, կարծում եմ նման քայլերն անելու համար, մեղմ ասած, ճիշտ ժամանակ չեն ընտրել:
Հիմա ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, կարծում եմ, կհամաձայնի, որ սահմանում կանգնած ամեն մի զինվորի համար շատ կարևոր է մեր ներքին միասնությունը, իսկ «Սերժիկ թշնամի» կարգախոսով  Երևանում ցույց անցկացնելը, դեմ է ՀՀ պետության շահերին և այս իրավիճակում համընկնում է Ադրբեջանի շահերին:  Երթի կազմակերպիչները, նախքան այն կազմակերպելը, պետք է գիտակցեին, որ ադրբեջանական ԶԼՄ-ները առաջինն են անդրադառնալու այդ ակցիային ու այն տեսանկյունից են լուսաբանելու, որն իրենց է ձեռնտու, ինչն այդպես էլ եղավ՝ նրանք ներկայացրեցին  այնպես, որ Հայաստանում ակցիա են անցկացնում սեփական իշխանությունների դեմ, քանի որ նրանք հրահրում են պատերազմական գործողությունների: Հետաքրքրիր է՝ ակցիայի կազմակերպիչները ոնց հաշվի չեն առել այս ամեն, այն  էլ Սարգսյան-Ալիև հանդիպումից ընդամենը մի օր առաջ…

Կարծում եմ, սա այն պահն է, երբ պետք է մի կողմ թողնենք, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի ղեկավար է: Եթե մենք մեզ հաղթանակած ժողովուրդ ենք համարում, ապա պետք է կարողանանք մեր ներքին խնդիրները լուծել մեր երկրի ներսում, որ թշնամին դրանից չառիթավորվի:  Հավատացեք պետությունն այս պահին ունի մեր աջակցության ու միասնականության կարիքը:

Էմմա Պալյան

Լուսանկարը՝ galatv.am-ի: