տուն Քաղաքական Վերլուծական Ակտիվիստ «մասնագիտության» մատուցումը հանրությանը

Ակտիվիստ «մասնագիտության» մատուցումը հանրությանը

251
0

1386254986-19

Հայաստանյան վերլուծական կենտրոններից մեկը անցկացնում է հասարակաքաղաքական մրցանակաբաշխություն:  Հայտարարության մեջ նշվում է, որ մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը և խրախուսել գործունյա և հասարականպաստ գործիչներին:

Աշխարհում տարեկան անցկացվում են բազմաթիվ այդպիսի մրցանակաբաշխություններ, սակայն դրանք մեծամասամբ կրում են մակերեսային բնույթ և իրական որևէ բան չեն արտացոլում: Նմանատիպ մրցանակաբաշխությունները կարող են կարևորվել շոու բիզնեսի, երբեմն նաև՝ արվեստի բնագավառներում, սակայն պետական պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների պարագայում, բացի արհեստական փիառից, այլ գործառույթ չեն կարող իրականացնել:

Հատկանշական է, որ վերոնշյալ մրցանակաբաշխության անվանակարգերի մեջ, լավագույն նախարար, լավագույն պատգամավոր, լավագույն մարզպետ և այլ կատեգորիաների կողքին, հայտնվել են տարվա լավագույն ակտիվիստ և տարվա լավագույն հասարակական գործիչ, ինչպես նաև տարբեր սերունդների լավագույն քաղաքական գործիչ կատեգորիաները:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ առնվազն արհեստական է ակտիվիստ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ կատեգորիաների առանձնացումը, և առնվազն անհասկանալի է դրանց բաժանման սկզբունքը: Փաստորեն, մրցանակաբաշխության կազմակերպիչների համար քաղաքական գործիչ հասկացությունը սահմանափակվում է միայն կուսակցական պատկանելություն ունենալով:

Երկրորդ՝ առնվազն անհասկանալի է ակտիվիստ ձևակերպումը, որ այդ անվանակարգում ընդգրկված քաղաքացիների բողոքից հետո փոխարինվեց ակտիվ քաղաքացի ձևակերպմամբ:  Այնուամենայնիվ, նույնիսկ ակտիվ քաղաքացի ձևակերպման պարագայում նման մոտեցումը չի կարող համարվել ճշմարտացի: Եթե մյուս անվանակարգերում ներկայացված պաշտոնյաները ունեն հստակ պարտավորություններ և գործունեության սահմաններ, հետևաբար, ստացված արդյունքը չափելի և գնահատելի է, ապա քաղաքացիների դեպքում բացակայում է չափման հիմքը: Իսկ, որ ամենակարևորն է, նման ձևով ,այսինքն` հանրությունը բաժանելով ակտիվիստների և ուղղակի քաղաքացիների, ակտիվների և պասսիվների, փորձ է արվում արհեստականորեն լուսանցքավորել իրենց խնդիրները, շահերը ձևակերպող և բարձրաձայնող քաղաքացիներին` վերջիններիս տալով գոյություն չունեցող մասնագիտական հատկանիշներ: Մինչդեռ սեփական խնդիրների բարձրաձայնումը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը և անգամ պարտավորությունն է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here