Այսօր Ազգային Ժողովում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքովˋ գործատուները ավելի են մտածում մեր քաղաքացիների մասին, քան պետությունը:
«Ինչ-որ տեղ հասկանալի է, որ գործատուն ունենա մինչեւ 1000 աշխատող, որից 200-300-ը պարտադիր կուտակային կենսաթոշակի անցնեն, բայց գալու է մի ժամանակ, որ բոլորն են մտնելու համակարգի տակ եւ պետությունը չի կարող իր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ հանձնել մասնավորին: Ես ուզում եմ, որ հանրության մեջ չմեռնի պետության գիտակցությունը, եւ մենք հասկանանք, որ գործ ունենք արժեքային այլ համակարգի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ ոչ իշխանական խմբակցություններով պատրաստվում են առաջիկայում դիմել Սահմանադրական դատարան եւ ակնկալում են քաղաքական մեծամասնությունը, իշխանությունը կտեսնի այս խնդիրների ամբողջ թնջուկը եւ փոփոխությունների կենթարկի համակարգը:
«Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում եւ առաջին հերթին քաղաքական մեծամասնությանը՝ գիտակցությամբ այս հարցերին մոտենալ»,-հավելեց Աղվան Վարդանյանը: