Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով 6 մարդ մահացել է, ևս ինը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, մոլի 3-րդ հարկի պատերն ընկել են մոտակայքում գտնվող սրճարանի վրա։
Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառը շինարարական աշխատանքներն են եղել, որոնք իրականացրել է առևտրի կենտրոնի սեփականատերը։ Նրա կողմից վարձված բանվորները ապամոնտաժման աշխատանքներ են կատարել, երբ պատերից մեկը փլվել է՝ ավերակների տակ թողնելով սրճարանի հաճախորդներին։
Կատարվածի համար մեղավորներն արդեն ձերբակալվել են և այժմ ցուցմունք են տալիս ոստիկանությունում։ Տուժածների մեծ մասը գտնվում է հիվանդանոցում։