Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հրաժարվել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի պատվավոր ժյուրիի ցմահ պաշտոնից: Այդ մասին գրում է Parisien պարբերականը:
Դելոնը համաձայնել էր ստանձնել այդ պաշտոնը դեռ 2011-ին, սակայն հոկտեմբերի 9-ին նա դժգոհության առիթ է տվել «Միսս Ֆրանսիա» մրցույթի կոմիտեի ղեկավարությանը: Դերասանը շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրուցում հայտարարել է, որ աջակցում է ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությանը: Մասնավորապես նա նշել է, որ կուսակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում, և ինքը դրան հավանություն է տալիս:
«Միսս Ֆրանսիա» մրցույթի կոմիտեն սուր քննադատության է ենթարկել Դելոնի հայտարարությունը՝ կոչ անելով մրցույթի մասնակիցներին և ժյուրիի անդամներին չհրապարակել իրենց քաղաքական և կրոնական համոզմունքները:
Մրցույթի կոմիտեի արձագանքից հետո դերասանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: