ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին, շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցողն է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն է:
Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց Ալավերդիի պղնձաձուլարանի ճակատագրով՝ հիշեցնելով, որ բանակցություններ էին ընթանում չինացի ներդրողների հետ։
«Այս հարցում կան հետևանքներ. դա այն արտադրությունն է, որը ոչ միայն ունի կազմակերպական՝ հատուկ տեխնոլոգիական խնդիրները լուծելու հարց, այլ նաև, թե ինչպես պետք է չեզոքացնի իր բնապահպանական ազդեցությունը: Որովհետև բոլորս գիտենք, որ պղնձաձուլարանի դեպքում կա ծծմբական գազի արտանետման չեզոքացման խնդիր»-պարզաբանեց նախարար Խաչատրյանը:
Միաժամանակ հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում են այլընտրանքային տարբերակներ և եթե լուծում գտնվի՝ չինական կողմը հանդես կգա լավագույն առաջարկով:
Հիշեցնենք, որ ներկայում Ալավերդու պղնձաձուլական գործարանն շարունակում է աղացագնդեր արտադրել, քանի որ այդ արտադրությունը բնապահպանական տեսակետից վնասակար չէ։