ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի առաջարկած «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը իրավունք կտա Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրինագծին դեմ քվեարկեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ ձեռնպահ։
Վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Տարոն Սիմոնյանը․ «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված է խորհրդարանական երկրներում: Այն փաթեթը, որը ներկայացված է, ամբողջական լուծում չի առաջարկում, մեր առաջարկությունները մերժել են, և մենք դեմ կքվեարկենք»։
Այսպիսով, նախագիծը 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայներով չընդունվեց, հարկավոր էր 80 կողմ ձայն։
Նշենք, որ ԱԽ կազմում չկան ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը: Գործող օրենսդրությամբ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Գործող օրենքով՝ ԱԽ նիստին կարող են մասնակցել նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: