տուն Լուրեր ԱԺ նախագահի կարգադրությունը ԵԽԽՎ-ում Ժառանգության գործունեության կասեցման քաղաքական նպատակ է հետապնդում. Ժառանգություն

ԱԺ նախագահի կարգադրությունը ԵԽԽՎ-ում Ժառանգության գործունեության կասեցման քաղաքական նպատակ է հետապնդում. Ժառանգություն

180
0

heritage«Ժառանգությունը» դատապարտում է կուսակցության դեմ ոտնձգությունները՝ անդրադառնալով «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը» փոխելու՝ ՀՀ ԱԺ նախագահի վերջին կարգադրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը» և դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»:

Նշյալ փաստաթղթերով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման համար ընտրվել է մի կարգ, որը ԱԺ նախագահին է թողնում պատվիրակների ընտրությունը և չափանիշ է դարձնում ԱԺ խմբակցություններում և պատգամավորական խմբերում պատգամավորների թվաքանակը: Նման կարգավորումը ստվերում է անգամ Դ’Հոնթի բանաձևի թերությունները, քանի որ այդ բանաձևը գոնե պահպանում էր օրգանական կապը ընտրողների կամարտահայտության հետ և քաղաքական ուժերին տրված (Հայաստանի պարագայում` ԿԸՀ-ի կողմից գրանցված) քվեները հաշվի էր առնում պաշտոններ բաշխելիս:

Հոկտեմբերի 23-ին հաստատված Կարգով և դրան հետևած Կարգադրությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ներկայացվածությունից, ինչը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի, ինչպես նաև 1798 (2011) բանաձևի, այդ կառույցի ազգային պատվիրակություններում պետք է ապահովված լինի արդար ներկայացվածություն և հարգվի բազմակարծության սկզբունքը: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլև բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում:

ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը և ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, և տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաև ոչ իշխանական կուսակցությունները:

«Ժառանգությունը» հոկտեմբերի 23-ի ԱԺ նախագահի կողմից հաստատված Կարգը և ընդունված Կարգադրությունը գնահատում է որպես «Ժառանգության» դեմ իրականացված ոտնձգություններ, խստիվ դատապարտում է դրանց գործադրումը և հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here