«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունն ահազանգում է․ Աժդահակ լեռան խառնարանալիճը կանգնած է արհեստական ցամաքեցման եզրին:
Կոտայքի մարզի Գեղամա լեռան լանջերին անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ, 2018 թվականից մոտ 5 կմ երկարությամբ խողովակ հասցնելով շրջակա խառնարանալիճը, անասուններին ջուր ապահովելու և սեփական կարիքները հոգալու համար դուրս են բերում և օգտագործում Աժդահակ լեռան (Կարմիր Սար գագաթ) խառնարանալճի ջուրը։ 2019 թվականին կատարված դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ մեկ տարվա ընթացքում այդ գործողությունների հետևանքով լեռան խառնարանալիճը գրեթե ցամաքել է, իսկ խնդրի չկարգավորման պարագայում սպառնում է նաև անապատացում (մեկընդմիշտ ցամաքում): Անապատացման հետևանքով մեծապես կվտանգվի ինչպես տարածքի ընդհանուր էկոհամակարգը, այնպես էլ լեռը կկորցնի իր գրավչությունը, որպես բացառիկ տեսարժան վայր։
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունը, հետամուտ լինելով վերոնշյալ խնդրի լուծմանը, հրավիրում է քաղաքական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի ուշադրությունը և կոչ անում աջակցել խնդրի շուտափույթ կարգավորմանը։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունը խնդրի կարգավորման նպատակով 07.10.2019 թ. գրավոր դիմել է ՀՀ վարչապետին: Գրության պատճենները ուղարկվել են նաև ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարություններ:
(լրացուցիչ տեղեկատվություն)
Հայաստանի Հանրապետությունում Գեղամա լեռնավահանը բացառիկ լեռնային համակարգ է՝ կազմված բացառապես 35 և ավելի հրաբխային կոներից, որոնք բարձր են ծովի մակարդակից շուրջ 3000 մետր։ Այդ կոներից միայն երեքը՝ Աժդահակը, Կարմիր Սարը և Արմաղանը, ունեն խառնարանային լճեր, ընդ որում՝ Աժդահակը և Կարմիր Սարը միասին կազմում են երկու գագաթներով մեկ լեռ և ամբողջ լեռնային համակարգում իրենց բարձրությամբ առաջինն են և երկրորդը՝ համապատասխանաբար։ Այդ հատվածի բազմազան և հարուստ էկոհամակարգը Հայաստանի ամբողջ թռչնատեսակների 70%-ի (շուրջ 250 տեսակ) բնակավայրն է, իսկ խառնարանալճերի ջուրը՝ միակ ջրային ռեսուրսը, որը պահպանվում է ամբողջ տարվա ընթացքում։ Վերը նշված խառնարանալճերը բացի էկոհամակարգի կարևորագույն տարր լինելուց, հազարավոր զբոսաշրջիկների համար հանդիսանում են գեղեցիկ և անկրկնելի այցելության վայր։ 2015 թվականին խառնարանալճերը ճանաչվել են ռեկրեացիոն վայրեր ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից, որտեղով անցնում է Գեղարդ-Ծաղկաշեն եռօրյա զբոսաշրջային երթուղին։ Երթուղու գրավչությունը պայմանավորված է ինչպես Գեղամա լեռնավահանում գտնվող ինքնատիպ բնությամբ, հրաբխային կոներով, յոթհազարամյա Վիշապաքարերով ու ժայռապատկերներով, այնպես էլ Կարմիր Սարի և Աժդահակ լեռան վրա գտնվող խառնարանալճերով։
Կից տեղադրվում են լճի նախկին և ներկա վիճակները բնութագրող նկարներ։