տուն Լուրեր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը

223
0

Հին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Ավելի քան մեկ ամիս է, որ  «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:

ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն  կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը  վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով   սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here