տուն Աշխարհ Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են Լապշինին առևանգել Մերձբալթյան երկրներում

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են Լապշինին առևանգել Մերձբալթյան երկրներում

438
0

Հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել ձերբակալել և առևանգել իրեն՝ Մերձբալթյան երկրներում գտնվելու ընթացքում: Այս մասին հաղորդում է  РУСАРМИНФО-ն:

Ըստ բլոգերի ֆեյսբուքյան էջի՝ դեկտեմբերի 12-ին Լապշինը եղել է Լոնդոնում, որտեղից պատրաստվել է թռչել Վիլնյուս, իսկ այնտեղից՝ Ռիգա: Այդ ժամանակ նրա հետ կապ են հաստատել ծանոթներն ու խնդրել մեկնելուց առաջ հանդիպել:

«Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը իմ ձերբակալության խնդրանքը ուղարկել է Մերձբալթյան և մի շարք այլ երկրներ: Սա ոչ թե Ինտերպոլի միջոցով է արվել, այլ հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության ներքին փոխանակմամբ: Ինձ տեղեկացրին, որ իմ խնդիրը զգույշ լինելն է և ցանկալի է, որ չեղարկեմ բոլոր ծրագրերս ու չգնամ Լատվիա ու Լիտվա, որտեղ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերն ուժեղ են»,- գրել է Լապշինն իր ֆեյսբուքյան էջում:

Լապշինի խոսքերով՝ այս խնդրանքը չի պարտադրում երկրներին ձերբակալել օբյեկտին, այլ ենթադրում է տեղեկատվության փոխանցում հարցման օբյեկտի մուտքի և ելքի վերաբերյալ:

Չնայած դրան, Ալեքսանդր Լապշինը գնաց Վիլնյուս, այնուհետև՝ Ռիգա: Այնուամենայնիվ, նա չեղյալ հայտարարեց իր մասնակցությունը դեկտեմբերի 15-ին կայանալիք զբոսաշրջության համաժողովին՝ համապատասխան տեղեկություն ստանալով, որ Ռիգայում Ադրբեջանի դեսպանատունը մարդկանց ուղարկելու է այնտեղ մոնիթորինգի:

«Նրանք ուղարկել էին երկու հոգու, ովքեր ներս չէին մտել և կանգնել էին մուտքի մոտ՝ ձախ կողմում: Այս մարդկանց նկարել էին վերահսկողության տեսախցիկները: Ովքե՞ր են այդ մարդիկ`դեսպանության աշխատակիցները՞, թե՞ տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստները. ես չգիտեմ»,- նշել է բլոգերը:

Լապշինը գրել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը գիտակցել է, որ Ինտերպոլի միջոցով անհնար է հասնել նրա ձերբակալությանը  և անցել է միջպետական խնդրանքների մարտավարությանը, որոնք կարող են աշխատել՝ հաշվի առնելով կոռուպցիոն կապերը:

Նա նաև հավելել է, որ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանի խնդրանքով, ձերբակալվել է  ընդդիմության ակտիվիստ-թալիբան Էլվին Իսաևը: