Վերջին շրջանում իրանա-ամերիկյան հակասությունները նոր փուլ են թևակոխել. պատճառը՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն էր ամերիկյան ուժերի կողմից, հետևանքը՝ Իրանի կողմից Իրաքի տարածքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությունը, ապա դրան հաջորդած փոխադարձ մեղադրանքներն ու Թրամփի հայտարարած տնտեսական նոր պատժամիջոցները: Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանի հետ:
ԱՄՆ-Իրան թնջուկը նոր զարգացումներ է գրանցում. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նամակ է հղել կառույցի ԱԽ-ին՝ Իրանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու առաջարկությամբ: Նրա իրանցի գործընկերն արդեն արձագանքել է Վաշինգտոնի առաջարկությանը՝ նշելով, որ երկխոսությունն անհնար է պատժամիջոցների պայմաններում: Դուք ի՞նչ սցենար եք կանխատեսում:
Ըստ իս՝ լարվածությունը կշարունակվի, երկու երկրներում ընտրություններ են, ամեն դեպքում մինչև ընտրությունների ավարտը, եթե նոր թեժացումներ չլինեն, մեղմացում չի լինի, քանի որ թե ԱՄՆ-ը, թե Իրանը փորձում են այս սրացումների վրա դիվիդենտներ հավաքել: Իմ կանխատեսումներն ավելի շատ ասիմետրիկ, միջնորդավորված սրացումներն են, որոնք տեղի կունենան Մերձավոր Արևելքում:
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է. վարչապետը հայտարարեց, որ մեր երկիրը չի ներքաշվելու ոչ հակաամերիկյան, ոչ՝ հակաիրանական գործողությունների մեջ՝ կոչ անելով երկու կողմերին խաղաղ բանակցություններ վարել: Ուրիշ ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը, այդ թվում՝ մեր անվտանգության նկատառումով:
Հայկական կողմի հայտարարությունը կշռադատված և զուսպ էր, բացի դա, մենք պետք է մեր ունենցած հնարավորությունները գործադրելով փորձենք մեզ համար կանխատեսելի դարձնել իրավիճակը, հաշվարկենք ռիսկերը և արձագանքենք դրանց:
Ադրբեջանը, կարծեք, լռում է հայտնի դեպքերի առնչությամբ. Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը որքանո՞վ է ձեռնտու կամ հակասում Բաքվի շահերին:
Ադրբեջանին ձեռնտու է թույլ Իրանը, ինչը հնարավորություն կտա իրականացնել սեփական քաղաքականությունը տարծաշրջանում: Իրանը ադրբեջանական նկրտումները զսպող խաղացողներից մեկն է: Հետևաբար՝ մեզ պետք է տարածաշրջանում հզոր և ամբողջական Իրան, որը կարող է խանգարել Ադրբեջանի և ընդհանպապես թյուրքական շահերի իրականացմանն ու կյանքի կոչմանը:
Զրուցեց Արա Ալոյանը