Հարգելի գործընկերներ,
պարոն Գլխավոր քարտուղար,
տիկնայք և պարոնայք,
Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:
Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը։ Որպես Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը։
Այս ժամանակահատվածում ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, դիտորդների և ճյուղային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Տիկնայք և պարոնայք,
ՍԾՏՀ-ում նախագահությունը հաջորդ վեցամսյա ժամանակաշրջանով փոխանցվեց Բուլղարիային: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել իմ բուլղարացի գործընկերոջը և վստահեցնել, որ բուլղարական նախագահությունը կարող է ապավինել մեր աջակցությանը` իր ծրագրերի իրականացման գործում: