Ինչպես գիտենք ազատամարտիկներն արդեն երկար ժամանակ է, ինչ հանրավաքներ ու քննարկումներ են կազմակերպում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միասին և ելքեր են փնտրում երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Որն է լինելու նրանց հաջորդ քայլը, կա՞ պլանավորված հստակ ծրագիր: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, արդեն երկրորդ անգամ է, ինչ ազատամարտիկներին հյուրանոցներից և ոչ մեկում դահլիճ չեն տրամադրում: Ինչո՞վ եք պայմավորում այս հանգամանքը:
-Իշխանությունների նման պահվածքին ժողովուրդը սովորաբար ասում է «գող, սիրտը դող»: Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք շարքային հանցագործներ են, ժողովրդի վստահությունը չարաշահած արարածներ են և այնքան փոքր մարդիկ են, որ սեփական ազատամարտիկներին անգամ երկրոդ անգամ իրենք վախենում են տեղ տրամադրել: Նրանք շատ կուզեն, որ մենք հրացանը վերցնենք և անցնենք պատժիչ գործողությունների, բայց մենք չենք անցնելու, մենք ազգովի «որձ կատվի քոթակ ենք տալու այդ մարդկանց»: Մենք դա անելու ենք ազգովի, չենք գնալու ինչ-որ մարդկանց գնդակահարելու ճանապարհով, եթե իշխանությունները դրանով փորձում են մեր համբերությունը, ապա ասեմ, որ մենք ծով համբերություն ունենք: Մինչև թուրքին չհաղթեցինք, տուն չեկանք, իսկ այսօր իշանություններն իրենց թուրքաբարո են պահում և իրենց էլ ենք ճանապարհ դնելու, մենք շատ կուզենք, մեր երկիրը փոխել, մենք ուրիշ բան չենք ուզում, մենք նույնիսկ ասացինք նրա անունը Սերժ կլինի, թե Նիկողոս, թող մնա, վեր ընկնի իր տեղում, բայց երկրի համար աշխատի, չի աշխատելու՝ ռադ ենք անելու:
-Ձեր կլոր-սեղան քննարկումներին մասնակցում են տարբեր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, արդյոք հրավեր եղել է նաև ՀՀԿ-ին:
-Չէ, պարզապես մենք ցանկություն ենք հայտնել Սերժ Սարգսյանին հանդիպելու, բայց այնտեղից ձայն բարբառո է, իսկ առանց Սերժ Սարգսյանի այդպիսի կուսակցություն չկա, այսինքն իմաստ չունի այդ կուսակցության որևէ ներկայացուցչի հետ որևէ բան խոսել: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը հիշում եք, ասում է,«ես որ ասում եմ ես, Արուսը հետս ա», հիմա Մուրադը չկա, Արուսիկներին ասելու բան չունենք:
-Խոսակցություններ կան, որ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը հովանավորում է ազատամարտիկներին, որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
-Դե հիմարություն է: Ես ընդամենը մի կես տարի առաջ եմ ճանաչել Կառլոս Պետրոսյանին, ու հանկարծ բոլորն ասում են, որ Մոսկվայում մենք հանդիպել ենք: Լավ եմ արել հանդիպել եմ, ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկների, օրենքով գողերի և շատերի հետ, հիմա այդ մարդիկ բոլորը հովանավորո՞ւմ են մեզ։ Այդպիսի բան չի կարող լինել, ուղղակի Գորիկ Հակոբյանի հերթական փոքրությունն ու մանրախնդրությունն է, քանի որ նմանատիպ լուրեր տարածում են ԱԱԾ գործակալները, ցավոք սրտի, ԱԱԾ-ում մուտիլովչիկների գրասենյակը դեռ աշխատում է: Բայց ես շատ ուրախ կլինեի, որ Կառլոս Պետրոսյանը փող տար, քանի որ մենք շատ դժվար ենք այս ամեն ինչը հաջողացնում:
-Հնարավո՞ր է արդյոք, որոշ ժամանակ անց, երկարատև պայքարից հետո դադարեցնեք ձեր պայքարը:
-Երբեք, մենք չենք կարող արդյունքի չհասնենք, վկայությունը հերթական կլոր-սեղան քննարկումն էր: Իրոք խնդիրը կա, և այդ քննարկումների ժամանակ բոլորը ներկայացրեցին հնարավոր լուծման իրենց տարբերակները, ամենքն իրենց տեսակետն արտահայտեցին, բայց բոլորս հանգեցինք նույն եզրակացության, իսկ մենք կատարողն ենք ժողովրդի հետ, մենք ազատամարտիկներն ենք և մեր թիկունքին ունենք ժողովուրդ, և ունենք Եռաբլուրներ: Մեր զոհված ընկերների ընտանիքներն այսօր կիսաքաղց են ապրումˋ շնորհիվ այս ապիկար իշխանությունների, այնպես որ մենք նահանջելու տեղ չունենք, չենք էլ պատրաստվում:
-Նախատեսվա՞ծ է առաջիկայում որևէ կոնկրետ քայլ։
-Առայժմ մենք հանրահավաքներով և մարզային հանդիպումներով կզբաղվենք, մենք համառորեն գնում ենք՝ իրականացնում մեր հանդիպումներն ամեն տեղ, առաջարկություն ենք ներկայացնում, տարածում մեր մտքերը, և իրականությունն այն է, որ մարդիկ այլ հայացքով են արդեն նայում, այսինքն հավատը սկսում է վերականգնվել, որ տղերքը մի բան կանեն, կանեն կուսակցությունների և ժողովրդի հետ, և կանեն, այն էլ ոնց կանեն:
Զրուցեց Էմմա Պալյանը