ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արժանահավատ չի համարում Global Financial Integrity կազմակերպության հրապարակած այն տվյալները, ըստ որի 2002-2011թթ Հայաստանից ապօրինի կերպով դուրս է բերվել 6.2 միլիարդ դոլար (մեծ մասը 2007-2011թթ): Այդ մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այն ֆինանսական ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, նման հետևություններ անելու հնարավորություն, ավելի ճիշտ՝ նման հետևություններ մենք չենք կարող անել: Չեմ կարծում, որ այդ թվերը և հետազոտությունը իսկապես արտացոլում են իրական վիճակը: Չեմ ժխտում, որ հնարավոր են այս կամ այն ինչ-ինչ ապօրինի կերպով միջոցների լվացման փորձեր, բայց ՀՀ համապատասխան օրենսդրությունը և ֆինանսական դիտարկումների կենտրոնը, որը ունենք ԿԲ կազմում, լիարժեք կատարում է իր գործառույթները, և բոլոր միջազգային կազմակերպությունները փաստում են, որ այդ կառույցի և, ընդհանուր առմամբ, փողերի լվացման դեմ պայքարի բոլոր նախաձեռնությունները և աշխատանքները, որ իրականացվում են ՀՀ-ում, համապատասխանում են բոլոր ստանդարտներին: Այս առումով, ես չեմ կարծում, որ այդ կազմակերպության վկայակոչած տվյալները իրականությանը համապատասխանում են»,- ասաց Դ. Սարգսյանը: