տուն Լուրեր Վ.Գասպարյանը համակարգից կհեռացնի քավոր-սանիկական հարաբերություններով առաջնորդվող «քյաբաբի ընկերներին» galatv.am

Վ.Գասպարյանը համակարգից կհեռացնի քավոր-սանիկական հարաբերություններով առաջնորդվող «քյաբաբի ընկերներին» galatv.am

112
0

vladimir gasparyan newԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում, ոստիկանական անձնակազմին ներկայացրել է Շիրակի մարզի նոր ոստիկանապետին՝ գնդապետ Վարդան Նադարյանին, ով մինչեւ այժմ զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը:

Այնուհետեւ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:

Առաջին հարցին, թե ինչո՞ւ որոշվեց ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին ուղարկել կադրերի ռեզերվ, Վ. Գասպարյանը պատասխանել է, որ ոստիկանական համակարգում բոլոր փոխատեղումներն ու պաշտոնանկությունները իրականացվում են համակարգի որակի բարձրացման եւ բարեփոխման համաատեքստում: Ըստ ոստիկանապետի՝ Կարեն Բաբակեխյանը մասնագիտական առումով բավարար գնահատականներ ունի, բայց ոստիկանապետին չի գոհացրել այն հանգամանքը, որ անձնակազմը չի սատարել նրան, որպեսզի քաղաքացի-ոստիկան հարաբերությունները կարգավորվեն:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Կ. Բաբակեխյանին պաշտոնանկ են անում Վ. Ղուկասյանի որդու վերջին գործողություններից հետո, ոստիկանապետը պատասխանել է.

«Ես չեմ կարծում, որ պարոն Վարդան Ղուկասյանը, կամ նրա որդին պետք է հանդիսանան այն անձինք, որի համար ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞»:

Հիշեցնենք, որ Կ. Բաբակեխյանի անունը եւ վերջինիս պաշտոնանկությունը կապվում է «Ոստիկանական բուրգի» գործի հետ: Բուրգի գործով որպես խարդախություններով եւ շորթումներով զբաղվող խմբի դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անունը: Ցանկում տեղ էր գտել նաեւ  Բաբակեխյանի անունը: Արդյոք դրանով պայմանավորվա՞ծ չէ Կ. Բաբակեխյանի պաշտոնանկությունը։

Հիշեցնենք, որ վերջինիս անունը շրջանառվում էր  նաեւ Կարեն Եսայանի աղմկոտ սպանության գործում, երբ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն ծեծել են, եւ ծեծողներից մեկը Կարեն Բաբակեխյանն է եղել, որից հետո Կ. Բաբակեխյանի եւ Հարություն Սարգսյանի միջեւ առերեսում եղավ: Այս գործերը որքանով են առնչվում Կ. Բաբակեխյանի հետ եւ արդյո՞ք նպաստեցին, որ նրան կադրերի ռեզերվ ուղարկելու որոշում կայացնի ոստիկանության պետը:

«Ոստիկանական բուրգի գործերով քննչական ծառայությունն է, անցկացվում է քննություն, կա պաշտոնական հայտարարություն, եւ ես կարծում եմ՝ եթե հանցակազմ լիներ, պարոն Բաբակեխյանը պետք է հայտնվեր համապատասխան վայրերում, եթե այսօր կանգնած է այստեղ, ուրեմն իրավական գնահատականը ստացվել է:

Սպանության գործով նույնպես կատարվել է քննություն… հասկանո՞ւմ եք՝ ցանկությունը չի կարելի իրականություն ներկայացնել: Եթե կառուցում ենք իրավական պետություն, ոչ թե ցանկություններով, այլ օրենքներով պիտի ղեկավարվենք։ Ես չեմ կարող անօրեն գործողություն կատարել հենց նրանով, որ պարոն Բաբակեխյանը իմ դուրը չի գալիս՝ օրինակի համար, դա չի նշանակում՝ ես նրա նկատմամբ անարադար լինեմ, դա նշանակում է, որ օրենքի եւ բարոյականության շրջանում պիտի գործեմ»,-նշել է Վ.Գասպարյանը:

Ոստիկանապետը նաեւ վստահեցրել է, որ նոր կադրային փոփոխություններ դարձյալ սպասվում են համակարգում եւ մնալու են նրանք, ովքեր հասկանալու են, որ քավոր-սանիկական եւ բարեկամական հարաբերությունները պետք է օրենքին ստորադասվեն եւ չսատարեն ու քողարկեն գործերը զուտ նրա համար, որ «քյաբաբի ընկերներ են»:

Մանրամասները galatv.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here