Մաքսային միության անդամակցությունը Հայաստանում կարող է առավելագույնը մինչև 1.5%-ի գնաճ առաջացնել: Այս մասին այսօր կառավարության նիստում, այնուհետև՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մամուլում երբեմն ծայրահեղ գնահատականներ են տրվում թանկացումների մասին: Եթե 11 հազար ապրանքների գծով (որը կազմում է ընդհանուրի 60%-ը) Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրքեր են, քան Հայաստանում, դա չի նշանակում, թե Հայաստանում ապրանքների 60 տոկոսը կթանկանա: Նախարարը երեք պատճառ նշեց, թե ինչու գնաճային ճնշումը շատ մեծ չի լինի:
«Առաջին, այդ 11 հազարից գործնականում ոչ բոլոր ապրանքներն են, որոնց մաքսատուրքերը կփոխվեն: Ապրանքները, որոնք ներկրվում են այն երկրներից, որոնց հետ Մաքսային միությունն ունի ազատ առևտրի համաձայնագրեր (ներառյալ՝ ԱՊՀ երկրները, Վրաստանը, Սերբիան), այս երկրներից ներկրվող ապրանքների մասով մաքսատուրքերը 0 էին, 0 էլ կմնան»,- ասաց Վ. Ավանեսյանը:
Որպես երկրորդ պատճառ նախարարը նշեց այն, որ այդ 11 հազար ապրանքներից բոլորը չէ, որ մենք ներմուծում ենք: Հետևաբար, եթե ընդհանրապես չենք ներմուծում, նշանակություն չունի ինչ մաքսատուրք կսահմանվի:
Երրոդն էլ, ըստ նախարարի, այն է, որ իրենք պատրաստվում են կազմել որոշ ապրանքների ցանկ ու բանակցել Մաքսային միության հետ՝ այդ ապրանքների գծով դրույքաչափերը չփոխելու կամ ավելի ուշ փոխելու հարցով: