lragir.am Շիրակի մարզում ներկայացնելով նոր ոստիկանապետին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սենսացիոն հայտարարություն է արել. «Ես չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետը) կամ նրա որդին պետք է հանդիսանան էն անձիք, որոնց պատճառով ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞»:
Փաստացի, սա նշանակում է, որ Շիրակի նախկին ոստիկանապետին՝ Կարեն Բաբակեխյանին, հեռացրել են հենց Գյումրիի նախկին քաղաքապետի ու նրա որդու պատճառով, թեեւ խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հորդորեց կադրային այդ փոփոխությունը դիտարկել «բարեփոխումների համատեքստում»: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Շիրակի ոստիկանները չեն սատարել իրենց պետին:
Կադրային այս փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին իր ընկերների հետ գնացել էր գործող քաղաքապետի տան մոտ, հայհոյել ու սպառնալիքներ տեղացել: Շիրակի ոստիկանությունը նախ հերքել էր մամուլի այս հրապարակումները, սակայն տեսագրության հրապարակումից հետո ոստիկանությունը հայտնվեց անհարմար վիճակում:
Սա առաջին դեպքը չէ Գյումրիում, ընդ որում՝ կապված հենց Գյումրիի նախկին քաղաքապետի ու նրա հարազատների հետ: Նրանք բազմիցս հայտնվել են աղմկոտ հանցագործությունների կենտրոնում, սակայն առավելագույն պատիժը եղել է մի քանի ժամով ոստիկանություն հրավիրելը, որից հետո գործերը «ծածկվել են»:
Կա մի քանի տարբերակ: Շիրակի ոստիկանները, որոնք «չեն սատարել իրենց պետին», կամ Գյումրիի նախկին քաղաքապետի գրպանում են, կամ վախենում են նրանից: Կամ էլ, տեսնելով նրա անպատժելիությունը, ոստիկաններն աշխատում են հեռու մնալ «շառից-փորձանքից»: Ոստիկանները տեսնում են, որ նախկին քաղաքապետն ու նրա կլանը արտոնյալ վիճակում են: Ըստ ամենայնի, այս բոլոր տարբերակներն էլ գործում են:
Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը՝ «Ես չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան էն անձիք, որոնց պատճառով ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞», այս իմաստով փորձ է՝ քողարկելու իրավապահների անզորությունը կլանի հանդեպ: Իսկ ուրիշ ի՞նչ պատճառով է փոխել մարզի ոստիկանապետին: Ոստիկաններն ո՞ւմ հավատան՝ իրենց պետի՞ն, որն անզոր է հանցավոր խմբավորումների հանդեպ, թե՞ հանցավոր խմբավորումներին, որոնք ամեն քայլափոխի ապացուցում են իրենց ուժն ու հնարավորությունները:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ոստիկանությունը կարճել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տխրահռչակ պետ Հենրիկ Նավասարդյանի որդու դեմ հարուցված քրեական գործը, «ծածկելով» թմրանյութի վերաբերյալ մասը, թեեւ ոստիկանությունը ժամանակին ինքն էր հայտարարել դրա հայտնաբերման մասին:
Մանրամասները lragir.am — ում: