Սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
2014 թվականի ամռանը լրանում է «Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետը, և ֆուտբոլիստը ձեռք է բերում ազատ գործակալի կարգավիճակ:
«Անգամ պատկերացնել չէի կարող, որ մենք 15 տիտղոս կարող ենք նվաճել: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես 2008-ին Մոսկվայում հաղթեցինք Չեմպիոնների Լիգայի եզրափակչում:»- ասել է Վիդիչը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագի թևկապը արդեն երկար տարիներ կրող ֆուտբոլիստը հայտնել է, որ մտադիր չէ այլ անգլիական ակումբ տեղափոխվել:
Մինչ այդ հաղորդվում էր, որ սերբ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերը», «Յուվենտուսը », «Ֆիորենտինան» և «Մոնակոն»: Միլանյան ակումբը, ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է նրան առաջարկել երկու տարվա պայմանագիր և 120 հազար եվրո շաբաթական աշխատավարձ: