Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հրահանգով սկսել է նախօրեին Youtube-ում հայտնված տեսանյութի իսկության և հանգամանքների քննությունը, որը վերնագրված է «Վանո Մերաբեշվիլի` մարդասպան»:
Այս տեսանյութում պատկերված է տեսարան 2009 թվականի մայիսի 5-ի դեպքերից, երբ վրացական Մուխրովանի զինվորական բազայում գումարտակներից մեկի ղեկավարությունը հայտարարել էր իշխանություններին չենթարկվելու մասին: Տեսանյութում մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պատրաստվում են գրոհի: Այստեղ է ժամանում նաև այն ժամանակ երկրի ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլին, ով հայտարարում է. «Ինձ պետք է երկու հոգի, երկու դիակ, բերե՛ք ինձ այդ երկու դիակները…»:
Ներկայում Մերաբիշվիլին մեղադրվում է նաև այլ գործերով, հիմնականում` վարչապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակաշրջանում թույլ տրված ապօրինությունների համար: