Շաբաթ օրը ԲՀԿ համագումարը իրապես մի քանի հարցերի պատասխաններ տվեց: Հասկանալի դարձավ, թե կուսակցության գլխավոր նպատակը ներկա դրությամբ որն է, սակայն համագումարի ամենաուշագրավ պահը Գագիկ Ծառուկյանի ելույթն էր: Վերջինս իր ելույթում պատրաստակամություն հայտնեց դառնալ վարչապետ և լուծել երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները:
Այս փաստը հաստատվում է Գագիկ Ծառուկյանի ելույթի հատկապես այս հատվածից.«Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ: Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը….»:
Փաստացի, այս խոսքով, ԲՀԿ առաջնորդն ասում է«ինձ նշանակեք վարչապետ՝ գնամ մարդկանց բերեմ Հայաստան»: Այս համագումարում Գագիկ Ծառուկյանը հստակ խոսեց իր մտադրությունների մասին: Նա կրկին անգամ երկրի ներկա իրավիճակի համար չմեղադրեց գլխավոր պատասխանատուինˋ Սերժ Սարգսյանին, այլ հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում նրան խանգարել՝ ղեկավարել երկիրը, սակայն ցանություն ունի վարչապետ դառնալու և այնուհետեև կրկնել Բիձինա Իվանիշվիլու փորձըˋ հեռանալ քաղաքականությունից:
Դժվար է ասել, արդյոք Սերժ Սարգսյանը տեղյա՞կ էր այս ելույթի բովանադակությունից թե ոչ, սակայն նույն օրը տեղի ունեցած ԵԿՄ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունից և չի պատրաստվում հրաժարվել նրանից: