Փակվել է Ջավախքում գործող միակ հայկական լրատվամիջոցը՝ «Հարավային դարպաս» թերթը և կայքը, որոնք համանուն վրացական թերթի ու կայքի մաս էին կազմում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց լրատվամիջոցի արդեն նախկին լրագրող Քրիստինե Մարաբյանը: Նա նշեց, որ իրենց տեղեկացվել է, որ խնդիրը ֆինանսական է:
«Առաջին անգամը չէ, որ «Հարավային դարպասը» ֆինանսական խնդիրների է հանդիպում, եղել են դեպքեր, որ ամիսներով աշխատավարձ չենք ստացել, բայց աշխատել ենք, հույս ենք ունեցել, որ նորից ֆինանսավորում կլինի ու այդպես էլ եղել է: Արդեն մի երկու տարի է ուշադրությունը հայկական կողմի նկատմամբ նվազել էր: Օրինակ՝ երբ «Այրեքս» կազմակերպությունը լրագրողների համար վարժանքներ էր անցկացնում, ապա հայկական կողմը չէր մասնակցում, ի տարբերություն վրացականի»,-ասաց նա:
Լրագրողի կարծիքով՝ սա նոր իշխանությունների առաջին քայլն է, որ ցույց է տալիս, որ ազգային փոքրամասնություններն առաջնահերթ չեն: «Իշխանությունները և ֆոնդերը տեղ չեն տալիս ազգային փոքրամասնություններին»,-ասաց նա:
Հարցի շուրջ զրուցեցինք նաև «Հարավային դարպաս» թերթի և լրատվական կայքի հայկական էջի խմբագիր Ռիմա Ղարիբյանի հետ, ով ևս հաստատեց, որ խնդիրը ֆինանսական է, որը պարբերաբար եղել է:
«Երբ մի նախագծի շրջանը ավարտվել է, չենք իմացել՝ արդյո՞ք հաջորդը կֆինանսավորվի: Ուղղակի եղել են տարիներ, որ 1-2 ամիս առանց գումարի ենք աշխատել և նախագիծը ֆինանսավորելուց հետո ստացել ենք այդ աշխատավարձերը: Այս անգամ մեր տնօրենն ասաց, որ հույս չունի, որ մի քանի ամիս հետո կկարողանա ստանալ ֆինանսավորում: Խնդիրն այն է, որ մենք չենք ստանում եկամուտ՝ ոչ թերթն էր վաճառվում, ոչ էլ գովազդներ ունեինք: Մեր տնօրենն ասաց, որ ոչ մի ֆոնդ չի ուզում ֆինանսավորել մի լրատվամիջոց, որը չունի եկամուտ»,-ասաց նա և ընդգծեց, որ երեք լրագրողից ու մեկ խմբագրից կազմված հայկական խմբագրակազմը ներկայում գործազուրկ է դարձել:
Խմբագիրը, սակայն, լրատվամիջոցի փակման հարցում քաղաքական խնդիրներ չի տեսնում։
«Ավելի շուտ ֆոնդերի քաղաքականությունն է փոխվել, որոնք մեզ ֆինանսավորում էին: Հիմա արդեն կարևոր չէ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով լրատվամիջոց լինի, ինչը կարևորում էին 4-5 տարի առաջ: Այն ժամանակ իրենց համար կարևոր էր, որ Ջավախքում գործի լրատվական կայք, հիմա ռեյտինգն է կարևոր և որ լինի բիզնես անող լրատվամիջոց: Շատ են հարցնում, թե կարո՞ղ է հակահայկական քաղաքականություն է. ես նման բան չեմ տեսնում»,-ասաց նա:
Համանուն վրացական թերթի և էլեկտրոնային կայքի վրացական էջի գլխավոր խմբագիր Լելա Ինսալիձեն Tert.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ ֆինանսական խնդիրներ միշտ եղել են, սակայն նշեց, որ հայկական մասը փակվում է այն պատճառով, քանի որ այլևս ֆինանսավորման հեռանկար չեն տեսնում:
«Ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ ոչ միայն լրագրողների վարձատրության, այլ նաև շենքի, ինտերնետի, թերթի տպագրության և մի շարք այլ հարցերի համար: Եթե վերագտնվեն միջոցներ, ապա մենք անպայման կվերականգնենք հայկական մասը: Ամսական 4000 լարի է անհրաժեշտ այդ թերթի ու կայքի գոյությունը ապահովելու համար, այսինքն՝ տարեկան 48 հազ. լարի, բայց մենք արտադրում ենք մի ապրանք, որը այստեղ լավ չի վաճառվում: Մենք ֆինանսավորում ստանում ենք ամերիկյան ֆոնդերից՝ հիմնականում «Soros»-ից, բայց նրանք այս ամենը արդեն դիտարկում են որպես բիզնես»,-ասաց նա:
Լելա Ինսալիձեն ընդգծեց, որ լրատվամիջոցի վրացական տարբերակը ևս մինչև ապրիլի վերջ փակվելու է նույն խնդրի պատճառով: Ներկայումս գոյատևում է միայն թերթից վաճառքից ստացված որոշակի գումարների շնորհիվ:
Ինչ վերաբերում է հարցին, թե միգուցե հարցը քաղաքական ենթատե՞քստ ունի, խմբագիրը բացառեց՝ ընդգծելով, որ իրենք պետությունից որևէ լումա չեն ստանում:
Մանրամասները tert.am — ում: