Օրերս Հայաստանի Մեղրիի մաքսային սահմանում հայտնաբերվեց գրեթե 1 տոննա հերոին: Փաստի առիթով քննություն նշանակվեց. եղան անգամ ձերբակալություններ: Դեպքի առնչությամբ հնչեցին տարբեր կարծիքներ, իսկ «168 ժամ» թերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է նաև Ճոյտ մականվամբ, կարծիք էր հայտնել, թե այդ քանակությամբ թմրանյութը Հայաստան է ուղարկվել Թուրքիայի գաղտնի ծառայությունների կողմից: «Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը։ Դժվար է ենթադրել, որ այս դեպքում ապրանք ուղարկողը հույսը դրել է միայն հայ մաքսավորների միամտության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա: Բայց քանի որ գործում առկա են Թուրքիայի քաղաքացիներ, կարծում եմ, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները դիտավորյալ Հայաստան են ուղարկել 1 տոննա հերոին և հատուկ կազմակերպել են, որ այն հայտնաբերվի մեր մաքսային մարմինների կողմից»,- նշել էր Հակոբ Հակոբյանը։
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ թուրքական գաղտնի ծառայությունները Հայաստան ուղարկեն նման քանակությամբ հերոին` թուրքագետ Հակոբ Չաքրյանը դժվարացավ որևէ հստակ պատասխան տալ, սակայն նշեց, որ նաև չի բացառվում: «Անկեղծ ասած`ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիրն է»,- նշեց նա, ընդգծելով, որ եթե չկա որևէ հիմք`պետք չէ այդպիսի լուրջ հայտարարությամբ հանդես գալ: Մեր դիտարկմանը, թե՝ նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավորներից մեկը` թուրքագետը նշեց, որ ամեն դեպքում պետք է Հայաստանի հատուկ ծառայությունները հետամուտ լինեն, որպեսզի գործը բացահայտեն: «Երբ խոսքը գնում է հայերի մասին, բոլոր թուրքերն էլ ազգայնական են դառնում: Պետք է դրան շատ լուրջ վերաբերվել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը, ապա Հ. Չաքրյանը համոզված է, որ այդ կառույցը լավ է աշխատում: «Եթե աշխատում են անձայն, ուրեմն` աշխատում են»,- ասաց նա: