տուն Լուրեր Ուրիշ բանակայինի մենախոսությունը

Ուրիշ բանակայինի մենախոսությունը

231
0

zin-563x375«Ես բանակում չեմ ծառայել: Փոխարենը մեծացել եմ մանկատանը: Այսինքն, ծնողներից և սիրուց հեռու: Պատասխանատվությունը մանկական հասկացություն չէ: Նույնիսկ եթե ծնող ունես: Բանակը միայն պատասխանատվություն է: Նույնիսկ եթե ծնող չունես: Մանկատուն ընկնելու համար ես ոչինչ չեմ արել: Բանակ չընկնելու համար՝ նույնպես: Խառը ժամանակներ էին, ոչ տուն ունեի, ոչ՝ հասցե: Խորհրդային Հայաստանից անկախ Հայաստան եմ մտել առանց բնակության որոշակի վայրի: Միանգամից սկսեցի աշխատել որպես պահակ: Ինձ ոչ ոք չփնտրեց: Հետևաբար չգտավ: Հընթացս սովորում էի Պետական համալսարանում:

Մի անգամ որոշեցի ներկայանալ զինկոմիսարիատ: Ճշտելու իմ և պետության հարաբերությունները: Զինկոմին հարցրեցի՝ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին բանակ տանո՞ւմ եք: «Էդ ո՞րն ա»,-հետաքրքրվեց զինկոմը: «Ինչպե՞ս ասեմ ձեզ, էդ որբերն են»,- ասացի ես: «Բա հենց որբերին ենք տանում»,- անմիջապես աշխուժացավ զինկոմը: Զարմացած հարցրի՝ ինչի՞: «Որովհետև դրանց վրա լացող չկա»,- թեման փակեց նա:

Մանկատանը, երբ «իմ վրա» լացում էին անհասկանալի հյուրերը, ոչ մի զգացում չէի ունենում: Չգիտեի ինչպես պահեմ ինձ, ինչ մտածեմ: Զինկոմը չտրված հրամանի պես հասկանալի բացատրեց՝ որևէ կերպ պետք չի պահել: Զորամասեր հաճախ եմ այցելել: Գործի բերումով: Իշխանամետ հեռուստաընկերություններից մեկի լրատվականի տնօրենը հանձնարարեց՝ կգնաս ու պատմություն կբերես, թե ինչպես են ընկերություն անում սպան ու զինվորը: Այդ ժամանակ զորամասերից լուրեր էին հասնում շարքայիններին նվաստացնող և ծեծող սպաների մասին: Մի մասը հաստատվում էր, մյուս մասը՝ հերքվում:

Ընկերություն անող զինվորի և հրամանատարի մասին, սակայն, ոչ մի տեղեկություն չկար: Գնացի Սիսիանի զորամաս: «Մերոնք են»,- հրահանգելով դարպասները բացել՝ ասաց զորամասի հրամանատարի տեղակալը: Ինքնին ենթադրելի է, որ ընկերություն անող սպա ու շարքային «կճարվի»: Կարճ բացատրեցի, թե ինչ եմ ուզում: Զորամասի հրամանատարն ու նրա տեղակալը քրտնաջան «շոշափեցին» տեղեկությունը: «Ո՞նց՝ ընկերություն»,- զարմացավ հրամանատարը: Շտապեցի փրկել դրությունը՝ էն որ երկու ընկեր միասին են ոտքի վրա, բայց ոչ՝ պառկած: Այսինքն, նորմալ տղերք են:

Մոտ երկու ժամ տևեց, մինչև ինչ-որ շարքայինի համոզեցին «ընկերություն» անել իր դասակի հրամանատարի հետ: Նրանք այդ զորամասի ինտելեկտուալներն են: Բայց ոչ այնքան, որ հրաժարվեն նկարահանվել: Համաձայնեցին խաղալ ընկերներ: Սյուժեն զզվելիորեն պարզ էր՝ զեկույցների և հրահանգների արանքում շարքայինը և սպան խոսում են ընկերությունից, ծառայությունից և Հայրենիքից: Ընկերության և ծառայության արանքում՝ հանուն միմյանց կմեռնեի՞ն, թե՞ ոչ: Հարցից սպան լարվեց, նրա գործը մեռնելը չէր, այլ առաջնորդելը: Զինվորը կծկվեց՝ իր մահը չէր կանխատեսել:

Ծառայության և Հայրենիքի արանքում ճաշարանն էր, զուգարանը և քունը: Դրանց արանքում՝ բանակի կանոնագիրքը՝ ուստավը: Մնացած ժամանակը ընկերներ էին: Այսինքն՝ չէին: Ռեպորտաժի համար, սակայն, բեմադրեցի: Հարցնում եմ՝ ծառայության մեջ ի՞նչն է ամենադժվարը: Սպան ոգևորվում է՝ Հայրենիքը սրանց գլուխները մտցնելը: Շարքայինը թախծում է՝ ամենադժվարը մորս զանգից հետո զենք բռնելն է: Հետո նկարեցի, թե ինչպես են զենքը քանդում, հավաքում: Սպան գնաց ու կանգնեց «ընկերոջ» գլխին: Սա խեղճացավ:

Վերջին արարն արդեն քաղպարապմունքի լսարանում էր: Ինչ-որ պարտքի զգացում, զգոնություն, «քանի որ թշնամին արթուն է»: Այստեղ զորամասի հրամանատարը հանկարծ աշխուժացավ. «Եթե ուզում եք կենդանի վերադառնալ տուն, ձեզ խելոք պահեք…»: Ձայնագրելն անիմաստ էր: Եթեր չէին հեռարձակի: Ներառյալ կբացահայտեին քաղաքականապես անհուսալիիս: Բայց ամենակարևորը՝ անիմաստ էր: Սարսափելին այն էր, որ եթերից պետք է պատմեի հակառակի մասին: Խմբագրությունում տեղի ունեցածի մասին լսեցին ծուլորեն: Եթեր հեռարձակվեց պատմածի ամենածույլ տարբերակը:

Մանրամասները civilnet.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here