Հանրության կողմից «ռաբիսի թագուհի» հռչակված երգչուհի Նանայի հետ հանդիպեցինք երևանյան ռեստորաններից մեկում: Հանրության քննարկման կիզակետում գտնվող երգչուհին այս տարի կամուսնանա: Երգչուհու հետ խոսել ենք անձնական կյանքի,առաջիկա ծրագրերի և ոչ միայն այդ ամենի մասին🙂
—Ասում են, որ կարիերա ստեղծելու հիմնական բաղադրիչներից մեկն էլ գեղեցիկ արտաքինունենալն ու համարձակ ոճով հանդես գալն է: Ձեր հաջողության գրավականը ո՞րն եքհամարում:
-Սկսեմ նրանից, որ ինձ փոքր ժամանակից ասել են «պարոն Բախտիկյան» (ծիծաղում է, հեղ.): Իսկապես` ամեն հարցում բախտս բերում է, այս բնագավառում էլ է այդպես: Առաջին երգս, որը կատարեցի մոր մասին էր: Այդտեղից էլ սկսվեց «պարոն Բախտիկյանի» առաջին քայլերը: Ժողովուրդն ինձ սիրեց և ընդունեց այդ երգով: Այն, որ արդեն տասը տարի է, ինչ այս բնագավառում եմ և վայելում եմ շատերի սերը, աշխատասաիրությանս շնորհիվ է: Շատերին թվում է, որ այս բնագավառում աշխատելը հեշտ է, իրականում անընդհատ ինքնաթիռների, մեքենաների մեջ լինելը, երկրից երկիր գնալը բավականին բարդ է: Փորձում եմ շատ աշխատել, որպեսզի մնամ բեմում:
—Շատերը ռեստորանում կամ ակումբներում երգող երգիչներին «ցածրակարգ» ենհամարում: Գիտենք, որ Դուք նույնպես երգում եք ակումբում և կորպորատիվմիջոցառումների ժամանակ: Կարծիքներից սրտնեղո՞ւմ եք:
-2006 թվականին ինձ մոտ սթրեսային վիճակ էր: Ընկերներիցս մեկն ինձ դեպրեսիայից հանելու համար «ստիպելով» հրավիրեց աշխատել ակումբներից մեկում: Սակայն, մի քանի ամիս եմ միայն աշխատել այնտեղ: Ինչ վերաբերվում է ծնունդներին, հարսանիքներին երգելուն` շնորհակալ եմ Աստծուն, որ ժողովուրդն ինձ սիրում և հրավիրում է: Բեմը նաև ռեստորանի բեմն է: Երևի պարապության արդյունք է, անմակարդակ քայլ, որ նման մեկանաբանություններ են անում: Էթիկայի, մակարդակի հարց է, իսկ Հայաստանում չկա էթիկան: Ժողովուրդը շատ է չարացել, ինքս էլ չեմ հասկանում` ինչու: Հասկանում եմ, որ գործ չկա, մարդկանց ձեռքը գումար չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ իրար հանդեպ պետք է այսքան չար լինել:
—Ռեստորաններում երգելով ավելի շա՞տ գումար եք վաստակում:
-Իմ պարագայում կարելի է ասել` ոչ: Ես գումար վաստակում եմ համերգներով, շրջագայություններով: Կարելի է ասել` ամենաթանկ ու պահանջարկ ունեցող երգչուհին եմ: Ոչ թե ես եմ ինձ կնքում որպես ամենաշատ վարձատրվող երգչուհի, այլ, ինչպես հասկանում եմ, էդպես էլ կա: Ես համալիրում երկու օր համերգ եմ ունեցել լեփ-լեցուն դահլիճով, եթե էս տարի հասցնեմ էլի երկու օրով համալիր լցնել, շատ մարդկանց շատ բան կապացուցեմ:
-Որքա՞ն արժե Ձեր մեկ ելույթը:
-Հստակ գին չեմ կարող ասել, բայց կնշեմ այն, որ Հայաստանի ու դրսի գները տարբեր են: Հիմնականում դրսից ենք գումար աշխատում:
-Առաջիկա ի°նչ ծրագրեր ունեք:
-Քանի որ ձայնասկավառակ անցած տարի եմ թողարկել, չեմ կարծում` այս տարի նոր ձայնասկավառակ լինի: Չեմ սիրում շատ կարճ ժամանակում մի քանի ձայնասկավառակ ունենալ, քանի որ մարդիկ չեն հասցնում հիշել երգերը: Առաջիկայում կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ: Նախատեսում եմ նաև ունենալ դուետներ, բայց չեմ կարող հստակ ասել, թե ում հետ: Սկսվել են նաև շրջագայությունները, հիմնականում Ռուսաստանում և Եվրոպայում: Պլանավորել ենք նաև համերգներով հանդես գալ Հայաստանի շրջաններում, բայց սա դեռևս հստակ չէ:
-Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում նաև, որ Ձեր սիրեկաններից մեկը թանկարժեք մեքենա է նվիրել Ձեզ, իսկ հարաբերությունները խզելուց հետո` հետ վերցրել նվերը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:
-Չգիտեմ երդվե՞մ, թե ինչպես ասեմ, որ ես սիրեկաններ չունեմ, իսկ այս լուրն ուղղակի աբսուրդ է: Իմ ընտանիքի անունով եմ երդվում, որ իմ կյանքում ոչ մի սիրեկան մեքենա չի նվիրել ինձ: Ինչ մեքենա ցանկացել եմ, ինքս էլ գնել եմ: Էնպես չէ, որ ես աչքերս բացել եմ ու սիրեկանս ինձ մեքենա է նվիրել: Դա ուղղակի անասունություն է: Չի կարելի այդքան մեղք վերցնել քեզ վրա: Մարդիկ էնքան վատ բաներ են գրում, ընդհուպ մինչև այն, որ աբորտ եմ արել: Կեղծ էջերից մեկնաբանություններ գրելը դեռ չի նշանակում, որ մեծություններ են: Ճաշակին ընկեր չկա. չեն կարող բոլորն ինձ լսել ու սիրել, բայց չի կարելի նաև նման հիմարություններ տարածել: Ո՞ւր է էդ սիրեկանը, ո՞վ տեսավ էդ սիրեկանին, որտե՞ղ: Ինձ թվում է` եթե ես լինեի չաղ ու գեշ, էսքան քլնգված չէի լինի:
— Միայն դա չէ, առհասարակ պարբերաբար տարաբնույթ լուրեր են տարածվում Ձեր` սիրեկաններ ունենալու մասին: Խոսում են, որ սիրեկան ունեք ու նրա փողերով եք առաջ գնում: Ի՞նչ կասեք այս լուրերի մասին:
— Ինձ ճանաչող մարդը նման բան չի խոսում, ուղղակի ապուշություններ են: Չգիտեմ` ծիծաղել, թե լացել: Արդեն շատ սովորական եմ վերաբերում այդ խոսակցություններին: Ես ի՞նչ խնդիր ունեմ, որ մի հատ էլ սիրած պահեմ: Փառք Աստծո, շատ լավ փող եմ վաստակում ու ցանկացած հաճույք կարող եմ ստեղծել ինքս ինձ համար: Ինձ թվում է` նման ապուշ խոսակցությունները կդադարեն, երբ ես ամուսնանամ: Մարդիկ կհասկանան, որ հերիք է ապուշություններ խոսեն:
-Մեր միջավայրում Ձեր տարիքի չամուսնացած կանանց պիտակավորում են «տունը մնացած» արտահայտությամբ: Նման խնդրի բախվե՞լ եք:
-“Не надо выходить замуж, надо благополучно выходить замуж”, ժամանակը կհասունանա ու ամեն բան իր տեղը կընկնի: Ես չեմ շտապում ու պետք չէ ջահել աղջիկների ուղեղը լցնել, թե ինքը տունն է մնացել: Դրա համար էլ բաժանությունները շատ են: Բա որ բաժանվում են, էդ լա՞վ ա:
Մանրամասները` esem.am — ում: