«Վարչապետի հրաժարականի հարցն ամենաքիչն է հետաքրքրում ինձ: Ինձ համար կարևոր է հասկանալ խոշոր գումարներ կողոպտած այդ անձը կանգնելո՞ւ է արդարադատության առաջ և ստանալու է ցմահ բանտարկության հասնող պատիժ, ինչին կարժանանար եվրոպական ցանկացած երկրում՝ այդքան գումարներ կողոպտած անձը, թե՞ փորձելու է ճողոպրել արտասահման՝ իր գողացած և այնտեղ տեղափոխած գումարներն անպատիժ վայելելու: Մեր «գանձագող վարչապետը» (սա ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի սիրած էպիտետն է վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին), գողացել է այն ամենն, ինչ իր կարծիքով «վատ է դրված եղել», պատկերավոր ասված՝ գրպանել է «Նաիրիտի» վարկերը, գրպանել է անհատ գործարարի գումարները, կասեցրել է «Նաիրիտի» գործունեությունը` ելնելով անձնական հետաքրքրություններից, ընդ որում կաուչուկի արտադրության մի հզոր հոսքագիծ տեղափոխել է Չինաստան և մեր «Նաիրիտին» մրցակցող արտադրություն է ստեղծել, Չինաստանում, որտեղ դեսպան է նշանակվել նրա հարազատ եղբայրը, հսկայական գումարներ է աշխատել հայկական բանկային համակարգում իր «տված խաղերի» արդյունքում և այլն, և այլն…: Եվ ահա այսօր կազմակերպվում է հերթական շոուն. բռնվում է օֆշորային սկանդալի եռյակի ամենաթույլ մասնակիցը` Աշոտ Սուքիասյանը, որն արդեն հայտարարել էր, թե «ինքն է ողջ կեղծիքների կազմակերպիչը, իսկ խեղճ վարչապետն ընդհամենը զոհ է հանդիսանում իր խարդավանքներին»,-AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպահայերի միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը` ավելացնելով, որ այս սցենարը չաշխատող է և խաղում է Կիպրոսի հանրապետության վարչական համակարգի պատվի հետ.«Կարծում եմ, Կիպրոսի ղեկավարությունը շահագրգիռ կլինի կատարվածը բացելու, և այստեղ վարչապետն արդեն շանս չունի կատարվածը պարտակելու: Սակայն ամենազարմանալին այն է, որ «Նաիրիտի» սկանդալը, որն իր չափերով ամենամեծն է, կարծես, փորձում են լռության մատնել և´ ԱԺ նախագահը և´ ՀՀ նախագահը, որոնց ԵՀՄՖ-ն բաց նամակներով դիմել է `անհերքելի փաստեր ներկայացնելով : Այս փաստերն առաջին անգամ բարձրաձայնել էր Հարություն Առաքելյանը, որի պատճառով նա ենթարկվել է լուրջ քաղաքական հետապնդումների և, արդյունքում, մի կերպ ազատվելով հաշվեհարդարից`քաղաքական ապաստարան է ստացել Չեխիայում`մի երկրում, որտեղ վերջին տարիներին հայերին քաղաքական ապաստարան համարյա չեն տալիս (ստուգվում են ապաստարան խնդրողների պատճառաբանությունները և հարյուր տոկոսով մերժում այն): Պ. Առաքելյանի մեղադրանքներն այնքան անհերքելի էին և են, որ նույնիսկ ՀՀ գլխավոր դատախազները (նախկին ու ներկայիս), գերադասում են «ջայլամի նման գլուխները մտցնել ավազի մեջ» ասել է թե՝ ոչինչ չեն տեսնում ու չգիտեն: Սրանք ևս պատասխանատու են կատարվածի համար և չեն ճողոպրելու այս սկանդալի ավարտի դեպքում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը: Նրան զարմացնում է ներկա նախարարների պահվածքը, ովքեր թաղված լինելով կոռոպցիայի մեջ՝ հարձակվում են Ռոբերտ Քոչարյանի վրա.«Ինձ զարմացնում են նաև այն նախարարները, որոնք վարչապետի հետ համահավասար խրված են կոռուպցիոն սկանդալների և կաշառակերության մեջ, բայց ռիսկ ունեցան (կարծում եմ վարչապետի և նախագահի ճնշման տակ իհարկե) հարձակվելու երկրորդ նախագահի վրա՝ դառնալով այն «մասկաները» որոնց մասին նշել էր նախագահ Քոչարյանն իր առաջին նամակում: Այս նախարարներն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստիվ պատասխան պետք է տան իրենց կազմակերպած անփառունակ թալանի համար, և ասել ենք ու ասում ենք՝ ԵՀՄՖ-ն մինչև վերջ հետամուտ է լինելու մեր երկրում իր նախադեպը չունեցող ցինիզմի պայմաններում ընթացող կոռուպցիայի և անիշխանության դեմն առնելու համար»,- եզրափակեց իր խոսքը Աշոտ Գրիգորյանը: