Ուկրաինայի իշխանությունների զիջումները տրամաբանական էր, քանի որ իրականում ընդդիմության կողմից իրականացվող այդ լայանածավալ ճնշումն ու դիմադրությունը հասել էր մի շատ լուրջ կետի, որը իշխանությունները չէին կարող ուղղակի անտեսել եւ նույն կերպ շարունակել իրենց քաղաքականությունը ցուցարարների եւ ընդդիմության նկատմամբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Յանուկովիչը գնաց բանակցությունների եւ հույս ունի, որ իր թիմը այդ բանակցությունների միջոցով որոշակիորեն կկարողանա չեզոքացնել ընդդիմության գործոնը եւ որոշակիորեն թուլացնել ճնշումը: Ինչպես նաեւ կփորձի պառակտում մտցնել ընդդիմադիր դաշտում՝ իր գործողությունների հետեւանքով»,-ասում է Վարդանյանը:
Հանդիպմանը ներկա փորձագետ Շուշան Խաթլամաջյանը կարծում է, որ Ուկրաինայի ընդդիմությունը պատրաստ չէ այսօր իշխանություն վերցնելու:
«Եթե փողոց ես դուրս բերում մի քանի տասնյակ մարդկանց, դա չի նշանակում որ պատրաստ ես վերցնել իշխանությունը»,-ասում է Խաթլամաջյանը:
Էդգար Վարդանյանը նշում է, որ սկզբում Եվրամայդան էին դուրս եկել անկուսակցական քաղաքացիները, եւ ժամանակի ընթացքում միացան կուսակցականները, ու այդ համագործակցությունը ստացվեց:
«Մայդանում կան շատ տարբեր տեսակի մարդիկ, տարբեր տեսակի կուսակցությունների, գաղափարախոսությունների մարդիկ, կան խմբավորումներ, որոնք չեն վերաբերվում մայդանը համակարգող մարմնին: Կա համաժողովրդական ընդվզում, բայց ընդվզումը ունի տարբեր սեկտորներ եւ այդ նպատակները որոշակիորեն տարբերվում են»,-ասում է Վարդանյանը:
Նա նշում է, որ այսօր տեղի է ունենում որոշումների գեներացիա եւ Ուկրաինայի այդ զգալի հատվածը, քաղաքացիները կազմակերպված կերպով տեղական ադմինստրացիայի շենքերը գրավում են ու վերահսկում: Ըստ Վարդանյանիˋ դա առանց լուրջ համագործակցության եւ կազմակերպվածության հնարավոր չէ անել:
«Մայդանը փոշեկուլի պես հավաքագրում է իրարամերժ ուժեր, դա բոլորովին զարմանալի չէ։ Հենց դա է Մայդանի նպատակը, որ ստեղծի իրարամերժ, խայտաբղետ քաղաքացիների ամբոխը»,- ասում է Շուշան Խաթլամաջյանը:
Էդգար վարդանյանի գնահատմամբˋ Ուկրաինան փաստացի այն փուլում է, որ հասարակության մի զգալի հատված հասել է որոշակի հաջողությունների:
«Բայց, որպեսզի այդ կուրսը գնա դեպի ժողովրդավարություն, դեպի Եվրոպա, խոչընդոտող հատվածը դիմադրություն է ցույց տալիսˋ գնալով տակտիկական զիջումների, սրանք տակտիկական զիջումներ են իշխանության կողմից»,-հավելում է Վարդանյանը:
Լիլիթ Առաքելյան