Սոչիում այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Դիդիե Բիրկխալտերի հանդիպումը, ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Յանուկովիչը շնորհակալություն է հայտնել իր շվեյցարացի գործընկերոջը ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար ԵԱՀԿ հարթակը տրամադրելու պատրաստակամության համար:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ներկայիս դրությամբ օրակարգային խնդիր է համարում սահմանադրական բարեփոխումները:
Ըստ նախագահի` այս աշխատանքներում կընդգրկվեն ազգային մասնագետները, Եվրամիության փորձագետերը, ներկայացուցիչներ Վենետիկյան հանձնաժողովից, սահմանադրական հանձնախմբից և քաղաքացիական հասարակությունից: Յանուկովիչը հավելել է, որ պատրաստ է առավել կարևոր հարցերը անհրաժեշտության դեպքում համազգային քննարկման դնել:
Իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ ռաունդը տեղի կունենա փետրվարի 11-ին:
Հիշեցնենք, որ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են ստեղծել ժամաակավոր հանձնաժողով, որը կքննարկի և կմշակի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Իսկ ընդդիմադիր ուժերն իրենց հերթին պահանջում են վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը: