տուն Տնտեսական Մի քանի ամսից կմեկնարկի «ԱրմԹաբի» արտադրությունը

Մի քանի ամսից կմեկնարկի «ԱրմԹաբի» արտադրությունը

230
0

հայկական պլանշետ

Այսօր Երևանում պաշտոնապես ներկայացվեց և ցուցադրվեց հայկական առաջին պլանշետը: «ԱրմԹաբի» գաղափարը առաջին անգամ ներկայացվեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ մոտ 1.5 ամիս առաջ հայկական պլանշետը նախաձեռնող ընկերությունը՝ ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը», դարձավ «Ալյանս» տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերությունը:

Ընկերության հիմնադիր Վահան Չակարյանի խոսքով՝ պլանշետի հավաքման գործարանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մի քանի ամսից և այս տարվա երկրորդ եռամսյակից կսկսվի զանգվածային արտադրությունը: Պլանշետի դետալները ներմուծվելու են, սակայն օպերացիոն համակարգը, ծրագրային ապահովումը և դիզայնը Հայաստանում են տրվելու: Արտադրված պլանշետը 2015-ին կներկայացվի դպրոցական համակարգում, որի համար այսօր Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» «Միննո» պլանշետներ արտադրող խմբի անդամ է: Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայանը նշեց, որ հայ տեխնոլոգիական միտքն ու ներուժը հիացնում է իրեն, հենց դրա շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի լայն ճանաչում ստանալու ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր:

Ընկերությունը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, պատրաստվում է 6.5 մլն դոլարի ներդրումներ անել պլանշետների արտադրության համար՝ թողարկելով շուրջ 50 հազար օրինակ: Ազատ տնտեսական գոտում գրանցված երկրորդ ընկերությունը՝ «Instigate Robotics»-ը, նախարարի խոսքով, ևս ՏՏ ոլորտից է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here